Վերջին 5 օրում արդեն արձանագրվել է սպանության 5 դեպք։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը սպանվել են հենց համայնքապետի տան բակում։ Նույն օրը, Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած են հայտնաբերվել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Մինչ այժմ ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել դեպքին։ Արմավիրի մարզի Արաքս գյուղում սպանվել է 39-ամյա Մասիս Ասատրյանը։ Սպանության կասկածյալը նույն գյուղից Գրիգոր Բուդուրյանն է։ Պատճառը շանը հեռու տանելու վերաբերյալ նկատողությունն է եղել։ Հերթական սպանությունը տեղի է ունեցել երեկ՝ այս անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Երեք անձի միջև ծագած վեճի ընթացքում տղամարդկանցից մեկը դանակի գործադրմամբ մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Սպանությունը կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Դեպքից ժամեր անց ենթադրյալ հանցագործություն կատարած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է։
Հինգ օրում հինգ սպանություն, առավելագույնը երեք միլիոն բնակչություն
ունեցող երկրում, չափազանց բարձր ցուցանիշ է։ Այս ամենին զուգահեռ արձանագրվում են նաև
առևանգման, խոշտանգման, դանակահարության, խուլիգանության դեպքեր։ Սա առնվազն վկայում
է այն մասին, որ քաղաքացիներն ավելի անհանդուրժող են միմյանց հանդեպ և անտարբեր՝ մեկմեկու
խնդիրների նկատմամբ։ Իրավապահ համակարգում կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում,
իսկ եթե իրականացվում են, ապա՝ անարդյունավետ։
Փարաքարի համայնքապետը և ընկերը չէին զոհվի, եթե ենթադրյալ հանցագործի
նկատմամբ տնային կալանքի խափանման միջոց չկիրառվեր։ Բորիս Ավագյանը հայկական հյուպատոսությունում
պաշտպանված չի եղել․ համապատասխան միջոցառումները բավարար չեն եղել։ Արաքս գյուղում
ոստիկանները, եթե ժամանակին արձագանքեին վիճաբանությանը, ապա երիտասարդը չէր հեռանա,
հետո դանակով վերադառնար և շարունակեր վեճը, որի արդյունքում սպանվեց երեք երեխաների
հայր՝ 39-ամյա Մասիս Ասատրյանը։ Կապանում տեղի ունեցած միջադեպն էլ նախապատմություն
է ունեցել և այլն։
Միշտ էլ գրեթե բոլոր սպանության դեպքերը բացահայտվել են և բացահայտվում
են։ Սակայն, եթե ՆԳՆ ոստիկանության
տարածքային կառույցները և նրանց օպերատիվ հետախուզական միջոցառումներն արդյուավետ լինեն՝
նման ծայրահեղ վիճականգրության ականատես չենք լինի։
Այս իրավիճակը պահանջում
է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական արձագանք։ Սպանությունների աճը ցույց է տալիս
հասարակական միջավայրում կուտակված լարվածությունն և անվստահությունը՝ պետության նկատմամբ։
Ընդդիմադիրները դժգոհում են, որ իրավապահ համակարգն ավելի կենտրոնացած է պետական ապարատի
վրա, պաշտպանում է պետական անձերի, իսկ քաղաքացիներն անտեսված են։ Պնդում են, որ իրական հանցագործներն
ազատության մեջ են, կրում են տնային կալանք՝ ավելի մեղմ խափանման միջոց, իսկ իշխանության
հասցեին քննադատությունների համար նույնսիկ եկեղեցականներ ու բարերարներ են կալանավորվում։ Միջազգային իրավական սանդղակներում
է ՀՀ-ն սկսել է հետընթաց գրանցել արդարադատության և խոսքի ազատության ցուցանիշներում։ Չնայած այս ամենին՝ նախարարի կամ իրավապահ այլ կառույցների
ղեկավարների աշխատանքին քաղաքական գնահատական չի տրվում։