«Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները կարող են
ապավինել ԵՄ-ի շարունակական աջակցությանը՝ համապարփակ անվտանգության ապահովման,
ինչպես նաև՝ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է
Հայաստանում ԵՄ դեսպան Մարագոսը:
Բերեմ միայն մի օրինակ՝ դեսպանի խոսքերն
օբյեկտիվ գնահատելու համար:
ԵՄ-ն արդեն 11 տարի, 2014 թվականից սկսած,
նույն բաներն ասել ու ասում է ուկրաինացիներին: Այդ երկիրը կարողացա՞վ խուսափել
պատերազմից, կարողացա՞վ պաշտպանել իր քաղաքացիներին, տնտեսությունն ու ինքնիշխանությունը:
Եվրոպայի գրեթե ամենահզոր երկիրը դարձել է Բրյուսելի (ԵՄ) ձեռքի խաղալիքը, որին
ստիպում են կռվել մինչև վերջին ուկրաինացին, որպեսզի ԵՄ չինովնիկները պաշտոն,
աշխատավարձ, գործուղումներ ու կաշառքներ ունենան:
ԵՄ-ն ապահովե՞լ է Ուկրաինայի «համապարփակ»
անվտանգությունը: Ո՛չ, միայն փող ու զենք է տվել, որպեսզի ուկրաինացիները կոտորվեն
Դոնբասի տափաստաններում:
ԵՄ-ն օգնե՞լ է Ուկրաինային՝
«հարաբերություններ կարգավորել» հարևանների հետ: Ո՛չ, միայն կարճաժամկետ դադարներ
է ապահովել՝ Ուկրաինան զինելու և արյունալից պատերազմի նախապատրաստելու կամ այդ
պատերազմը շարունակելու համար:
Նույն ԵՄ-ն հիմա ի՞նչ իրական
հնարավորություններ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ
նախաձեռնելու, դրանց համար հարթակ առաջարկելու կամ միջնորդական երաշխիքներ
տրամադրելու համար: Ոչ մի: Ավելին, ԵՄ-ն նույնիսկ իր ներքին տնտեսական և քաղաքական
խնդիրները լուծելու ունակություններն է կորցրել՝ վերածվելով ԱՄՆ-ի ու Մեծ
Բրիտանիայի տնտեսական կցորդի:
Իսկ դեսպանի խոսքերը շուտով կկրկնի Նիկոլ
Փաշինյանը, բայց արդեն իր կառավարության ձեռքբերումների «100 փաստ» շարքում: Այն
մոտավորապես կհնչի այսպես. «Մեր կառավարությունը կարողացել է ԵՄ-ին համոզել
շարունակական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ համապարփակ անվտանգության
ապահովման, ինչպես նաև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման գործում: Դա
տեսանելի կլինի արդեն մի 25-35-50 տարի հետո»: