Foto

Հայաստանը՝ «թավշյա» քաղաքացիական պատերազմի շեմին

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը մեր իրականության ցուցադրական դրսևորումն է: Հայաստանում ստեղծված մեկ մարդու իշխանությունն ի վիճակի չէ վերահսկել, կանոնակարգել և ապահովել պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտների բնականոն գործունեությունը: Իշխանությունների, այսինքն մեկ մարդու կառավարման շղթայական ձախողումները բերում են դրանց փլուզմանը, երկրում քաոս են ստեղծում, որն էլ օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանավարումը շարունակելու համար:

Քաղաքական բանտարկությունները և դատավարությունները, ընդդիմադիրների նկատմամբ իշխանությունների ակնհայտ թշնամական վերաբերմունքը չէր կարող ողբերգական արտահայտչաձևեր չունենալ: Ավելին, սպանությունները պետք է լինեին, որովհետև այդ մեկ մարդուն ավելի ու ավելի քիչ գործիքակազմ է մնում: Եթե մինչև հիմա նա կարողանում էր իր համախոհներին ստերով ու շանտաժով պահել վերահսկողության տակ, ապա հիմա դա չի բավարարում, ավելի արմատական քայլեր են պետք: Եթե Փաշինյանի ստերը և դավաճանական քաղաքականությունը հասարակության կողմից այլևս «ըմբռնումով» չեն ընդունվում, ապա հարկավոր է ահաբեկել: Մի գնդակով երկու թիրախ է խոցվում. ասպարեզից հեռցնել հեղինակություն վայելող ընդդիմադիրներին և, միաժամանակ, սեփական թիմին ցուցադրել բիրտ ուժ՝ ոհմակի օրենքները պահպանելու խիստ հրամայականով:

Եթե շատ արագ չբացահայտվի Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը, եթե դա չարվի թափանցիկ ու արդարացի, ապա եզրակացությունը մեկն է՝ սա յուրատեսակ քաղաքացիական պատերազմ է, որը «թավշյա» ձեռագրով վարվում է Հայաստանում:

Առաջիկայում Էջմիածնի համայնքապետի ընտրություններն են, և, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, շատ դժվար է Փարաքարի համայնքապետի սպանությունը դիտարկել այդ ենթատեքստից դուրս: Դրանք կից համայնքներ են՝ տնտեսական, ընկերական, բարեկամական, մշակութային բազմաթիվ ընդհանուր կապերով և հետաքրքրություններով: Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում չի կարող հանդուրժել նույն պարտությունը, որ կրեց Փարաքարում: Ակնհայտ էր, որ Փարաքարի և Գյումրիի ընտրություննրը շղթայական ռեակցիա են առաջացնելու: Հենց դա՛ է փորձում կանխել Փաշինյանը՝ ցույց տալով, որ երկրի ներսում ոչ ոք չի կարող հաղթել իրեն ու մնալ անպատիժ:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան