Foto

Մշտադիտարկում է իրականացվել Վայոց ձորի մարզի հուշարձաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ:

Ինչպես հայտնել են նախարարությունից, մասնագետները ծանոթացել են Եղեգիս գյուղի 14-րդ դարի Սբ Ստեփանոս (Զորաց) եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Խորան» բարեգործական հիմնադրամի ջանքերով։ Տեղում քննարկվել է նաև տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, որի նախագիծը նույնպես կկազմվի և առաջիկայում կներկայացվի ԿԳՄՍ նախարարություն։ Մշտադիտարկվել է նաև Եղեգիս գյուղի 13-րդ դարի Սբ Նշան (Սբ Կարապետ) եկեղեցին:

Հաջորդիվ աշխատանքային խումբը այցելել է Սմբատաբերդ ամրոց, որտեղ այս տարի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել են պեղման-մաքրման աշխատանքներ։ Քննարկվել են պեղումների արդյունքները, նախատեսվող վերականգնման նախագծի առաջնահերթությունները։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնող ճարտարապետները մշակում են ամրոցի փլուզված հատվածների և պարիսպներին կից կառույցների վերականգնման նախագիծ։