Foto

Գալյանը և ՄԱԿ-ի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անազատության մեջ գտնվող կանանց կրթական ծրագրերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNFPA) ղեկավար Լուսինե Սարգսյանին: Սրբուհի Գալյանը նշել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտներում իրականացվող քաղաքականությունն ու պլանավորված գործողությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարարն ընդգծել է, որ մինչև տարեվերջ կամփոփվի Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը և հաջորդ տարի կմեկնարկի նոր Գործողությունների ծրագրի մշակման գործընթացը։ Լուսինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ընդունվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ երկրի ծրագրային փաստաթուղթը Հայաստանի համար (2026-2030), որի շրջանակներում հասցեագրվել են նաև արդարադատության ոլորտի առաջնահերթությունները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների կանխարգելման գործուն գործիքակազմերի ներդրման ու շարունակական կատարելագործման, գենդերազգայուն քաղաքականությունների մշակման կարևորությանը։

Քննարկվել են նաև անազատության մեջ գտնվող կանանց կրթության ու զբաղվածության ապահովման, վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:

Սրբուհի Գալյանն իր խոսքում անդրադարձել է նաև նոր գործարկված ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտին՝ ընդգծելով հասարակության շրջանում պատշաճ իրազեկվածության մակարդակի բարձրացման ու գործնականում արդարադատության մատչելիության ապահովման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ իրականացման ենթակա նոր նախաձեռնությունների շուրջ։