Բեռլինը և Փարիզը Լեհաստանի օդային տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումից հետո կոշտ դիվանագիտական քայլեր են ձեռնարկել: Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կանչել է Ռուսաստանի դեսպանին, գրում է Bild-ը:
«Պուտինի գործողությունները՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու առումով, վտանգավոր են և անընդունելի: ՆԱՏՕ-ի երկրները միավորված են դաշինքի տարածքի և մեր անվտանգության պաշտպանության հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ չի կարծում, թե անօդաչու թռչող սարքերը սխալմամբ են թռել և միջադեպն անվանել է «լուրջ սպառնալիք ամբողջ Եվրոպայում խաղաղությանը»:
Ի պատասխան՝ Գերմանիայի կառավարությունը մեծացրել է Բունդեսվերի ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում. այժմ երկուսի փոխարեն չորս Eurofighter կործանիչներ հերթապահություն կկատարեն Լեհաստանի երկինքը վերահսկելու համար:
Ֆրանսիան ևս կանչել է Ռուսաստանի դեսպանին Փարիզում: Արտգործնախարարի պաշտոնակատար Ժան-Նոել Բարոն France Inter հեռուստաալքի եթերում հայտարարել է, որ Մոսկվան պետք է դադարեցնի «ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների ուժի փորձարկումը»: