Foto

Ամուսնալուծությունների էական աճն ու նոր ներդրված Հաշտարարի ինստիտուտի դերը․ իմացեք ավելին

Ամուսնությունների թիվը նվազել է, իսկ ամուսնալուծություններինը՝ աճել։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում կատարվել է 3032 ամուսնության ակտի գրանցում, 2024թ. հունվար-մարտի՝ 3885-ի համեմատ։ Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով կամ 853-ով։ Հանրապետությունում 2025թ. հունվար-մարտին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք` 2024թ. հունվար-մարտին արձանագրված 284-ի համեմատ։ Թեմայի իրավական կողմին վերաբերող հարցերին Vesti.am-ի հետ զրույցում պատասխանել է Դավիթ Հունանյանը։

-         Պարո՛ն Հունանյան, ամուսնալուծությունների գործընթացում վերջերս տեղի ունեցավ փոփոխություն՝ Հաշտարարի ինստիտուտ ներդրվեց։ Այն այս վիճակագրական տվյալների վրա ազդեցություն ունի՞։ Ինչպե՞ս եք գնահատում Հաշտարարի իստիտուտի դերն առկասարակ։

-         Չեմ կարող վիճակագրական տվյալներին գնահատական տալ։ Կարծում եմ, դրա համար ավելի խորն ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Արդեն գործող կարգի համաձայն՝ քաղաքացին, մինչ դատարան դիմելը, պետք է անցնի հաշտարարության ինստիտուտով։ Եթե հաշտարարությունը չհաջողվեց, կողմերը հաշտության չեկան, ապա նոր դիմում են դատարան։ Իմ և գործընկերներիս պրակտիկան հուշում է, որ ամուսնալուծության հիմքում ոչ թե ռացիոնալ, այլ՝ էմոցիոնալ որոշումներն են։ Հաճախ, վիրավորվածությունից ելնելով, կողմերը միմյանց ապահարզան չեն տալիս, մյուս կողմին անհարմարություն պատճառելու համար հաշտարարի ծանուցումներով չեն ներկայանում և այլն։ Այս պարագայում հաշտարարությունը ոչ թե կկրճատի, այլ՝ կձգձգի գործընթացը։ Հայաստանում հաշտարարությունը պարտադիր է։ Ստացվում է, որ ամուսնալուծվել ցանկացողը ստիպված է դիմել Արդարադատության նախարարություն, որպեսզի իրեն հատկացնեն հաշտարար՝ կատարելով մինիմալ վճարում։ Արդեն կցված հաշտարարը պետք է ծանուցում ուղարկի մյուս կողմին։ Եթե նա չգա հանդիպման, ապա հաշտարարը տալիս է եզրակացություն, որ հաշտեցնել չի հաջողվել, և միայն ըստ դրա է կողմը կարողանում դիմել դատարան։

-         Հաշտարարության այդ փուլը միջինում որքա՞ն ժամանակ է տևում։

-         Երկու շաբաթ։ Հաշվի առնելով իմ պրակտիկան, կողմերի, հատկապես սկզբնական շրջանում, էմոցիոնալ իրավիճակը՝ չեմ կարծում, որ հաշտարարությունը կկրճատի դատարան ներկայացվող հայցերի քանակը։

-         Նման վիճակագրությունն իրավագիտակցության բարձրացման հետ կարելի՞ է կապել։ Հաճախորդները մի՞շտ են ծայրահեղ իրավիճակներից դրդված գնում այդ քայլին։

-         Այո, հաճախորդների մեծ մասը, երբ դիմում է ամուսնալուծության, գիտակցում է, որ դա այն սահմանն է, որից հետո հետ չի անցնելու։ Շատ քիչ է լինում, երբ հաճախորդը գալիս է խորհրդատվության, բայց չի դիմում իրավաբանական ծառայությունից օգտվելու համար։ Ամուսնալուծվել ցանկանում է այն մարդը, ով մյուսի հետ այլևս իր հետագա կյանքը չի պատկերացնում։ Իրավագիտակցության մակարդակը գուցե առնչություն ունի, վիճակագրության վրա ազդեցությունը չեմ կարող գնահատել։ Այլ հարց է, որ ամուսնալուծվել ցանկացողը գիտակցի, որ դա միակ և ճիշտ ճանապարհն է։ Իրավագիտակցության որոշակի գործոն կա, բայց ամբողջությամբ՝ ոչ։

-         Ավելի շատ կանա՞յք են դիմում ամուսնալուծության պահանջով, թե՞ տղամարդիկ։

-         Հավասարապես երկու կողմերն էլ դիմում են։

-         Սոցիալականական ծանր պայմանները կարո՞ղ են լինել ամուսնությունների նվազման և ամուսնալուծությունների ավելացման պատճառ։

-         Իմ պատկերացմամբ՝ ամուսնալուծությունների պատճառները կողմերի մեջ վիճաբանություններն են։ Այո՛, ֆինանսական խնդիրները կարող են լինել պատճառներից մեկը։ Հիմնական պատճառներն անընդունելի վարքագիծն է, ոչ նորմավորված գրաֆիկով ապրելը, դավաճանությունը և այլն։

-         Որո՞նք են այն իրավական գործիքակազմերը, որ կարող են մեղմել ամուսնալուծության բացասական ազդեցությունները երեխաների վրա։

-         Իրավական գործիքակազմերը ազդեցություն չեն կարող ունենալ ամուսնալուծությունների վրա։ Չկան նման իրավական կարգավորումներ, որով մարդիկ կուզենան ամուսնալուծվել կամ՝ ոչ։ Ինչ վերաբերում է երեխաների իրավունքներին, ապա դրանք Հայաստանում բավականին լավ պաշտպանված են։ Ըստ մեր գործող ընտանեկան օրենսգրքի՝ իրավապահ համակարգի միջամտությունն ընտանեկան կյանքին՝ ընդգծված չէ։ Երեխաների վերաբերյալ որոշումների կայացումը վստահված է ծնողներին։ Իմ կարծիքով՝ օրենսդրությունն այս իրավիճակում բավականաչափ պաշտպանում է երեխայի շահը։

-         Այս ֆոնին կա նաև ընտանեկան բռնությունների աճի տենդենց։ Գուցե դրանք հիմա ավելի բացահայտելի են դարձել կամ սկսել են ներառվել վիճակագրությունում։ Ի՞նչ կարծիքի եք, և արդյո՞ք դա ուղիղ համեմատական է ամուսնալուծությունների աճին։

-         Կարծում եմ, բռնության դեպքերի նույն քանակը եղել է՝ ուղղակի այն լատենտային է եղել՝ չի գրանցվել։ Հիմա թվերը բաց դաշտում արդեն տեսանելի են։ Ընտանիքում բռնության վերաբերյալ կարգավորումներ ընդունվեցին ԱԺ-ում։ Այդ երևույթը նախ անուն ստացավ և ոստիկանությունը համապատասխան հրահանգավորում ստացավ՝ այդ դեպքերով վարույթներ նախաձեռնել, և այդ կարգավորումները մեծ քանակությամբ կիրառելի են։ Նախկինում բռնությունն արձանագրվում էր և միանգամից ստանում էր քրեաիրավական գնահատական։ Այս իրավիճակը շատերին հետ էր պահում բողոք ներկայացնելուց, քանի որ չէին ցանկանում, որ իրենց ամուսինների վերաբերյալ քրեական վարույթ քննվի՝ հենց իրենց բողոքի հիման վրա։ Իսկ հիմա վարչաիրավական գնահատականն է ներառված և անմիջական պաշտպանություն են ստանում ոստիկանից։ Դա է պատճառը, որ վարույթները շատ են։ Բայց չեմ կարծում, որ ամուսնալուծությունների աճը դրանով է պայմանավորված։

-         Եթե անձն, ամեն դեպքում, արդեն ամուսնալուծվելու որոշում է կայացրել, անցել է հաշտարարության գործընթացը, կա՞ դրանից հետո պարզեցված, արագ դատավարության հնարավորություն։

-         Ամուսնալուծության ու ալիմենտի վերաբերյալ հայցը կարող է քննվել արագացված դատաքննության կարգով: Բայց եթե մյուս կողմը բերեց հակընդդեմ հայց՝ գույքի բաժանման, երեխայի բնակության վայրի կամ տեսակցության, ապա արագացված դատաքննության փոխարեն սովորական վարույթ կլինի։ Այն կարող է տևել մի քանի տարի։ Իրականում, ամուսնալուծության պահանջն օբյեկտիվորեն բավարարվում է, բայց ծանրաբեռնվածության պայմաններում նույնիսկ այս ընթացակարգերը կարող են երկար տևել՝ մինչև 6 ամիս։ Կա նաև օրենսդրական այլ խնդիր՝ եթե մյուս կողմը բերի համատեղ գույքի բաժանման հայց կամ դատարանից խնդրի սահմանել համատեղ երեխաների բնակության վայր, ապա դա քննվում է մեկ վարույթով և կարող է տևել տարիներ։ Չկա այնպիսի իրավակարգ, որ դատարանը գործի քննության փուլում կողմերին ամուսնալուծի, հետո շարունակի գործի քննությունը։ Սա էապես կօգներ քաղաքացիներին։ Վեճի քննության ընթացքում ամուսիններից ով ինչ գույք ձեռք բերի, այն համարվում է համատեղ, և կողմերը փաստացի իրար հետ չապրելով ստիպված են լինում կիսել իրենց գույքը։ Չկա գործիքակազմ, որը դադարեցնում է այդ ընթացակարգը։ Մեր օրենքը սահմանում է, որ եթե դու գույք ես ձեռք բերում և եթե դա ժառանգություն կամ նվիրատվություն չէ, ապա  համարվում է համատեղ գույք։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան