Ես տարբեր առիթներով կիսվել եմ իմ ալիքում Ադրբեջանի դպրոցական դասագրքերի վերաբերյալ արված իմ հետազոտության արդյունքներով։ Նյութը բավականին ծավալուն է, բայց ունի նաև աուդիո տարբերակ, այնպես որ, եթե դեռ չեք կարդացել, առաջարկում եմ ծանոթանալ։ Այդ նյութում հստակ կտեսնեք, թե ինչպես է ՀՀ տարածքը ներկայացվում որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայերը՝ բացառապես որպես «թշնամիներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Սակայն, վերջերս աչքիս ընկավ արտերկրում ապրող մի ադրբեջանցի հետազոտողի՝ Շալալա Մամեդովայի աշխատանքը, որը հրապարակվել է «Baku Research Institute» կայքում 2025 թ. սեպտեմբերի 5-ին։ Այդ հետազոտական հոդվածում վերլուծվում է, թե ինչպես են Ադրբեջանի դպրոցական պատմության դասագրքերում վերջին տասնամյակներին ներկայացվում Հայաստանը և հայերը։ Նյութը անգլերեն է, բայց ես կթարգմանեմ դրանից միայն մի հատված.
«Ներկայացնելով Ալբանիայի սահմանները՝ նշվում է, որ դրանք ընդգրկում էին ներկայիս Հայաստանի տարածքը (մեջբերման փակագծերում նշվում է, որ այդ տարածքը եղել է Արևմտյան Ադրբեջան): Այսպիսով, դասագիրքը հնագույն ժամանակներում Ալբանիայի և Ատուրպատենի հարևանությամբ որևէ հայկական տարր չի հիշատակում։ Ալբանիայի արևմուտքում գտնվող քաղաքակրթությունը ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան»։
Կարևոր համարեցի ներկայացնել, որ անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ Սա, իմ կարծիքով, ամենամեծ խոչընդոտներից մեկն է իրական խաղաղության կառուցման ճանապարհին…»: