Մասնակի բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունները՝ դատարանը որոշեց Հրայր սարկավագի նկատմամբ ընտրված խափանման միջոցներից ուժի մեջ թողնել բացակայելու արգելքն ու վերացնել վարչական հսկողությունը։
Մեղադրյալ Հրայր Հակոբյանն անակնկալի եկավ հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունից՝ ընդգծելով, որ զարմացած է, քանի որ այլ բովանդակությամբ միջնորդություն էին ակնկալում (նկատի ուներ կալանքը որպես խափանման միջոց– խմբ․)։
Պաշտպան Արամ Վարդևանյանը հավելեց՝ առհասարակ խափանման միջոցի կարիք չի տեսնում։
Հիշեցնենք` Հրայր սարկավագ Հակոբյանը հունիսին 26-ին 2 ամսով կալանավորվեց «հեղաշրջման գործով»։
Հուլիսի 28–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փոխեց նրա խափանման միջոցը բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։
Հավելենք, որ «Հեղաշրջման պլանի» քրեական վարույթով 17 մարդ կա կալանավորված, այդ թվում` «Սրբազան պայքար»» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։