ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկել է Ջոն Բոլթոնի տունը, ով Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ նախագահի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը։ Բոլթոնին չեն կալանավորել և մեղադրանք չեն առաջադրել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ո՛չ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը, ո՛չ ՀԴԲ-ն, ո՛չ էլ Բոլթոնի փաստաբանները չեն մեկնաբանել միջադեպը։ ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը, սակայն, սոցցանցի X հարթակում գրել է. «Ոչ ոք օրենքից վեր չէ»։
Ամերիկյան լրատվամիջոցները չեն բացառում, որ խուզարկությունը թույլատրվել է Պատելի կողմից և կապված է հին պատմության հետ։
Ջոն Բոլթոնը դարձավ նախագահ Թրամփի խորհրդական նրա պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականի ապրիլին, և Թրամփը նրան ազատեց աշխատանքից 2019 թվականի սեպտեմբերին։ Բոլթոնը համարվում էր կոշտ գծի կողմնակից այնպիսի երկրների հարցում, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան, և նրա հայացքները հաճախ հակասում էին նախագահի հայացքներին։
2020 թվականին Բոլթոնը հրապարակեց հուշագրություն, որի հրատարակումը Թրամփը փորձեց արգելափակել՝ հղում անելով այն փաստին, որ իր խորհրդականը գրքում բացահայտել էր գաղտնի տեղեկություններ: Սկսվեց հետաքննություն, բայց Բայդենի օրոք գործը փակվեց:
Այս տարի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփի առաջին քայլերը ներառում էին հետախուզության ավելի քան 40 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Բոլթոնի, անվտանգության թույլտվություններից զրկելը և իր նախկին խորհրդականի գաղտնի ծառայության պաշտպանությունից զրկելը, որը նրան տրամադրվել էր Բայդենի օրոք՝ Իրանի կողմից սպառնալիքների պատճառով։