Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է 4.05 միլիարդ եվրո՝ երկրի Անկախության օրվան ընդառաջ, որը նշվում է օգոստոսի 24-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
«Այս նոր ֆինանսավորումն ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործում, այլև նրա ապագայի կերտման հարցում՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկիր», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, Ուկրաինայի վերականգնման համար «Ուկրաինայի ֆինանսական միջոցներ» ծրագրի շրջանակում երկրին հատկացվել է 3,05 միլիարդ եվրո, իսկ ևս 1 միլիարդ եվրո՝ «ERA Loans» նախաձեռնության շրջանակում, որը ֆինանսավորվում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով:
«Այս աջակցությունը ամրապնդում է ինչպես պետական բյուջեն, այնպես էլ վերականգնման գործընթացը։ Շնորհակալություն մեր եվրոպացի գործընկերներին», - գրել է Սվիրիդենկոն իր Telegram ալիքում։
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր՝ Եվրամիությունը և նրա անդամ պետությունները Ուկրաինային ընդհանուր առմամբ 168.9 միլիարդ եվրոյի մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնություն են ուղարկել։ Այդ մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։