ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի տարածքում գտնվող էլեկտրոնիկայի արտադրության գործարանի վրա, որը պատկանում է ամերիկյան կողմին. այս մասին X-ում հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան:
Նրա խոսքով՝ այս գործարանն աշխատել է բացառապես քաղաքացիական նպատակներով և չի ունեցել որևէ ռազմական նպատակ։
Սիբիհան ասել է, որ այս հարվածը Ուկրաինայում ամերիկյան շահերի դեմ ուղղված առաջին հարձակումը չէ՝ հիշեցնելով այս տարվա սկզբին Կիևում Boeing-ի գրասենյակի վրա հարձակումը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի գիշերը ռուսական զորքերը զանգվածային համակցված հարձակում են սկսել Ուկրաինայում գտնվող թիրախների, այդ թվում՝ Կիևի վրա, հաղորդում է rg.ru-ն:
Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են հարյուրավոր «Գերանիում-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր, տասնյակ «Х 101» և «Կալիբր» թևավոր հրթիռներ, ինչպես նաև հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ։
Դրա հետևանքով վնասվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում գտնվող գազաբաշխիչ կայանը, ինչպես նաև Ուկրաինայի արևմուտքում գտնվող մի շարք օբյեկտներ։
«Պայթյուններ են որոտացել Լուցկում, Իվանո-Ֆրանկովսկում և այլ քաղաքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ ծովից արձակված հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը թիրախ է խոցել Սումիում։ Կան նաև տեղեկություններ, որ Զակարպատիայի Մուկաչևո քաղաքը, որտեղ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանը, հարձակման է ենթարկվել «Կինժալ»-ներով։
Մինչդեռ, Պավլոգրադի մոտակայքում ականատեսների կողմից նկարահանված կադրերը ցույց են տալիս, որ գազաբաշխիչ կայանում խոշոր հրդեհ է բռնկվել։