Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սովի և թերսնուցման հետևանքով մահացածների թիվն ավելացել է ևս 5-ով՝ հասնելով 263-ի, որոնցից 112-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Ալ-Ակսա» նահատակների հիվանդանոցի խոսնակը հայտնել է, որ Գազայի առողջապահության ոլորտը փլուզման եզրին է Իսրայելի շրջափակման պատճառով: Նա հավելել է, որ ամեն օր թերսնուցումից տուժած մեծ թվով հիվանդներ են ընդունվում։
Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ օգոստոսի 18-ի լուսաբացից ի վեր Իսրայելի ուժերի կողմից Գազայի տարբեր շրջաններում սպանվել է 17 պաղեստինցի։
Անկլավի քաղաքացիական պաշտպանության խոսնակը տեղեկացրել է, որ Գազա քաղաքի Զեյթուն թաղամասում իսրայելական ուժերը քանդում և ավերում են շենքեր ու ճանապարհներ։
«Գազայի հատվածում տեղահանվածների համար անվտանգ վայր չկա», - նշել է նա։
Իսրայելական Walla լրատվական կայքը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդել է, որ մոտ 80 000 իսրայելցի զինվորներ կմասնակցեն Գազա քաղաքի պաշարմանը։
Ավելի վաղ տեղեկություններ են հաղորդվել, որ Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրն օգոստոսի 17-ի երեկոյան հաստատել է Գազա քաղաքի գրավման ծրագրերը։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61 827-ի, վիրավորվել է 155 275 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է շուրջ 50 պատանդ: Ենթադրվում է, որ նրանցից միայն 20-ն է ողջ մնացել: