Foto

ՀԱՄԱՍ-ը հաստատել է Իսրայելի հետ համաձայնության հասնելու համար քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնության հասնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Telegram-ում շարժման տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է պաղեստինյան անկլավում գործողությունն ընդլայնելու Իսրայելի ծրագրերի առնչությամբ:

«Մենք կրկին հայտարարում ենք, որ եգիպտացի և կատարցի միջնորդների հետ մեր փոխգործակցության ընթացքում շարժումը դրսևորել է ամբողջ անհրաժեշտ ճկունությունը և դրական տրամադրվածությունը՝ հրադադարի ջանքերի հաջողության ապահովման համար: Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ձեռնարկենք քայլեր, որոնք կհարթեն համաձայնության հասնելու ուղին», – հայտարարության տեքստից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Դրա հետ մեկտեղ, շարժման պնդմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազան օկուպացնելու որոշումը հաստատում է, որ նա և իր կառավարությունն «անտարբեր են» պատանդների ճակատագրի նկատմամբ։

«Նրանք հասկանում են, որ ագրեսիայի ընդլայնումը նշանակում է նրանց զոհաբերում», – պնդում են պաղեստինցի արմատականները։

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։