Foto

Գերմանացի հանրահայտ բիաթլոնիստուհին մահացել է Պակիստանի լեռներում

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի Կարակորումի լեռներում քարաթափման հետևանքով։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով DPA գործակալությանը։

Պատահարը տեղի է ունեցել 5,700 մետր բարձրության վրա, երբ Դալմայերը գագաթ է բարձրացել իր ուղեկցորդի հետ։ Քարաթափման հետևանքով մարզուհին ծանր վնասվածքներ է ստացել։ Ուղեկցորդը անմիջապես կապ է հաստատել արտակարգ ծառայությունների հետ, սակայն փրկարարները դժվարությամբ են հասել դեպքի վայր։ Որոնողական աշխատանքները դադարեցվել են երեքշաբթի երեկոյան՝ մթնշաղի պատճառով, և վերսկսվել չորեքշաբթի առավոտյան։ Ցավոք, Դալմայերը գտնվել է մահացած։

Լաուրա Դալմայերը 31 տարեկան էր։ Նա 2018 թվականի Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում նվաճել է երկու ոսկե մեդալ՝ սպրինտ և հետապնդում մրցաձևերում։ Բացի այդ, նա յոթ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և հաղթել է 2016/17 մրցաշրջանի բիաթլոնի Համաշխարհային գավաթը։

2019 թվականին Դալմայերը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին՝ նշելով մոտիվացիայի բացակայությունը։ Կարիերան ավարտելուց հետո նա դարձել է սերտիֆիկացված լեռնային և դահուկային ուղեկցորդ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է լեռնային փրկարարական աշխատանքներին։