Foto

Մենք չգիտենք ինչ ենք արտադրում, պարզվում է՝ լավ էլ որակով կոնյակ ենք թողարկում. Պապոյան

Մենք կոնյակ էինք արտահանում երկար ժամանակ ու որակի ստուգման հետ կապված հարց ունեինք, չէինք ստուգում, որովհետև այդ լաբորատոր կարողությունները չունեինք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ այդ պատճառով կոնյակի որակի վիճակագրությունը չէին վարում։

«Բազմաթիվ հրապարակումներ էին հնչում տեղական մամուլում, արտասահմանյան ՀԿ-ներում, ոչ պետական մամուլներում, որ կա Հայաստանից արտահանվող կոնյակի բարձր տոկոսներ, որոնք խաղողի սպիրտից չէ։ Հիմա այլ երկիր ստուգում է իրականացնում, ամեն օր ինձ վիճակագրություն են ուղարկում։ Ասենք 15 մեքենա՝ 15-ը դրական, 20 ավտոմեքենա՝ 19-ը դրական,1-ը բացասական, 22 մեքենա՝ 1-ը բացասական, 21-ը դրական։ Այս վիճակագրությունը գումարում եմ իրար՝ 95%+ մենք դրական արդյունք ունենք... Իրականում մենք չգիտենք, թե ինչ ենք արտադրում, պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում։ Ես ինքս հաճելիորեն զարմացած եմ, և միջազգային կազմակերպություններն էլ են արձանագրում դա»,–ասաց նա։

Պապոյանը հայտնեց, որ լաբորատոր կարողությունները շատ կարևոր են և օգոստոսի 13-ից Հայաստանն էլ կունենա կոնյակի իզոտոպային ստուգման լաբորատորիա. «Ճիշտ է, դեռ մեր կարողությունները շատ համեստ են լինելու, երեքից չորս նմուշ օրական։ Մենք 34 տարվա ընթացքում այս հարցը չէինք լուծել, հիմա կարողանալու ենք երեք հիմնական իզոտոպերը, որոնք ցույց են տալիս, որ դա խաղողի սպիրտից է արտադրված, դա կարողանալու ենք անել։ Շատ կարևոր է, որպեսզի մենք այդ կարողությունները Հայաստանում լինի։

Մենք պետք է լաբորատորիան ստեղծենք, այդ լաբորատորիան միջազգայնորեն հավատարմագրենք, որպեսզի իր տված թուղթը այլ երկրներում ևս անցնի, որ կարողանանք այդ պրոցեսը կառավարել»,– ընդգծեց Պապոյանը։