Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը հանձնվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրմանը: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Համաձայնագրով սահմանվում են միության տարածքում մաքսային տարանցման հիմնական սկզբունքները` ներառյալ երրորդ երկրների ապրանքների տարանցումը, միասնական էլեկտրոնային տարանցման հայտարարագրի կիրառումը, մաքսատուրքերի գծով ապահովման վճարների ընդունումը, ԵԱՏՄ երկրների կարգապահ փոխադրողների (լիազորված տնտեսական օպերատորների) համար պարզեցված ռեժիմները, բեռների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, ԵԱՏՄ երկրների մաքսային ստուգումների փոխադարձ ճանաչումը։
Նշենք, որ ԵԱՏՄ–ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, և Ղազախստանը: