Foto

Ինդոնեզիայում լաստանավ է այրվել, երեք մարդ զոհվել է

Ինդոնեզիայում լաստանավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է մահացել։ 568 մարդ ողջ է մնացել։ KM Barcelona VA լաստանավը երթևեկում էր կանոնավոր երթուղով։ Դեպքը տեղի է ունեցել Թալիզե և Բիարո կղզիների միջև։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Փրկարարական գործողությանը մասնակցել են ափամերձ պահպանության նավեր։ Տեղի ձկնորսները նույնպես օգնել են մարդկանց։ Կենդանի մնացածներին տեղափոխել են մոտակա կղզիներ։ Պաշտոնյաները հայտնել են, որ լաստանավի հետևի մասում բռնկված հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում։

Իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին հինգ մարդու մահվան մասին: Ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը հրապարակել է նոր տվյալներ: Երկու ուղևորներ, ովքեր հայտարարվել էին մահացած, փրկվել են, որոնցից մեկը երկամսյա երեխա է, որի թոքերը լցվել էին ջրով: