«Ոչ թե ես մերժել եմ մկրտել երեխային, այլ մերժել եմ նման կնքահայրությամբ մկրտել, ու դա շատ խաղաղ ու գեղեցիկ բացատրել եմ: Իմացա, որ ինքը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, իրենից ճշտեցի՝ ասաց՝ այո, ես եմ: Եվ հարցին՝ դո՞ւք եք, որ ԱԺ ամբիոնից իմ Վեհափառին կոչում եք ավազանի անունով եւ այսպես շարունակ, ասաց՝ այո եւ նորից կրկնում եմ»,-Aravot.am-ի խնդրանքով օրերս կայացած միջադեպը ներկայացրեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը: «Ասացի՝ պարոն Գրիգորյան, այդ դեպքում ի՞նչ գործ ունեք այստեղ: Ասաց՝ ես մկրտվող երեխայի կնքահայրն եմ լինելու, տեր հայր: Ասացի՝ լսեք պարոն պատգամավոր, եթե ձեր նշած ավազանի անունով, բայց ինձ համար Վեհափառը ձեր համար կաթողիկոս չէ, հետեւաբար ես՝ որպես իր ձեռքով օծված հոգեւորական, ձեզ համար պետք է անընդունելի լինեմ: Եթե ինձ համար Վեհափառ, ձեզ համար՝ ավազանի անունով հայրապետս օրհնել է այդ մյուռոնը, որով օծված է այս եկեղեցին, որով օծվել եմ ես, որով պիտի կնքվի, սուրբ մյուռոնով օծման արժանանա ձեր ապագա սանիկը, եւ եթե դուք չեք ընդունում Հայրապետի՝ ձեր խոսքով լեգիտիմությունը, ուրեմն այս եկեղեցին էլ, քահանան էլ, մկրտությունն էլ ձեզ համար պիտի անընդունելի լինեն: Ասացի՝ իմ տրամաբանությունը ճի՞շտ է: Ասաց՝ ոչ: Ասաց՝ դուք մեր եղբայրներն եք, մենք ձեզ գիտենք, դուք լավ քահանա եք, դուք այսպես եք, դուք այնպես եք, չէ՞ որ մենք նշել ենք, որ դուք մեր եղբայրներն եք: Ես, անշուշտ, նույն խաղաղության մեջ ասացի՝ այդպես չէ, ես պետք է որոշեմ՝ ով է իմ եղբայրը եւ ում եղբայրն եմ ես: Եվ կրկին շեշտեցի՝ եթե դուք ձեզ թույլ եք տալիս Վեհափառ հայրապետին անվանել ավազանի անունով, այդ դեպքում ես էլ ձեզ համար տեր Սեբեոս քահանա չեմ, հետեւաբար՝ իմ արած ծեսն էլ ձեզ համար չի կարող ծես համարվել: Իմ հիմնավորումը դա է եղել: Դրանից հետո լարում եղավ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում