Foto

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ Նոր փաթեթը թիրախավորում է, այդ թվում՝ ՌԴ նավթային և էներգետիկ արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը։ Փաթեթի ընդունման մասին X հարթակում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«ԵՄ-ն քիչ առաջ հաստատեց Ռուսաստանի դեմ ամենաուժեղ պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Մենք էլ ավելի ենք կրճատում Կրեմլի պատերազմի բյուջեն՝ թիրախավորելով ստվերային նավատորմի նավերը, նրանց աջակցողներին, և սահմանափակում ենք Ռուսաստանի բանկերի հասանելիությունը ֆինանսավորմանը», - գրել է նա։

Ըստ Կալասի՝ կարգելվեն «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը, կսահմանվի նավթի գնի ավելի ցածր առավելագույն շեմ։

«Մենք ավելի մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի ռազմական արդյունաբերության վրա, չինական բանկերի վրա, որոնք հնարավորություն են տալիս խուսափել պատժամիջոցներից, և արգելափակում ենք անօդաչուների համար օգտագործվող տեխնիկայի արտահանումները», - հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև նշել է, որ առաջին անգամ պատժամիջոցների տակ է հայտնվում Հնդկաստանում «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանը։ 

Կալասը շեշտել է, որ ձեռնարկվող միջոցները կշարունակվեն, հետևաբար «ագրեսիան դադարեցնելը Մոսկվայի համար կդառնա առաջ շարժվելու միակ ճանապարհը»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը՝ X-ում գրելով, որ հարված է հասցվում «Ռուսաստանի պատերազմի մեքենայի սրտին»։ 

Հուլիսի 17-ի երեկոյան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։