Նիկոլ Փաշինյանն իր մի քանի ժամանոց ասուլիսում փաստացի հայտարարեց, որ ամերիկյան առաջարկը կա, այն քննարկվում է, ու Հայաստանը դեմ չէ։ Միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն այս մասին ասում է. «Այստեղ ամենամեծ սուտը «մեր օրենսդրություն» ձեւակերպումն է: Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում 2 իրարից տարբեր պրոցես կարող է լինել՝ մեկն այն է, եթե մենք ՀՀ օրենսդրության շրջանակներում վարձակալության, կոնցեսիոն կառավարման կամ կառուցապատման պայմանագիր ենք կնքում, բայց այս բոլոր դեպքերում դրանք ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ: Այսինքն, ՀՀ քաղաքացիական, վարչական օրենսգրքերն են կարգավորում այդ հարաբերությունները, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարմիններն են իրականացնում այդ տարածքում իրենց լիազորությունները՝ պայմանական, ոստիկանություն, մաքսային, պարեկային ծառայություն եւ այլն: Այսինքն՝ արդյունքում ՀՀ ինքնիշխանությունն այդ տարածքի վրա որեւէ կերպ չի փոխվում, եւ այդ տարածքը միջազգային իրավական տեսակետից հանդիսանում է ՀՀ ազգային տարածք՝ դրա նկատմամբ ՀՀ ամբողջ ինքնիշխանությամբ: Սա առաջին ռեժիմն է, որի բազմաթիվ օրինակներ կան աշխարհում` վճարովի ճանապարհներ կան, որը կազմակերպությունը կառուցում է եւ վճարովի հիմունքներով թույլ է տալիս դրանով երթեւեկել: ՀՀ-ի դեպքում՝ օդանավակայան, փոստ եւ այլն, բոլորի դեպքում մեկ ֆունդամենտալ հանգամանք պետք է շեշտել` բոլորի ռեժիմը կարգավորվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում կնքված պայմանագրերով, եւ այդ պայմանագրերը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով կարող են լուծվել, փոխվել: Դատարանը ՀՀ օրենսդրության հիման վրա կարող է որոշում կայացնել, այսինքն՝ ՀՀ սուվերենությունը, իրավազորությունը որեւէ կերպ սահմանափակված չեն: Մյուս տարբերակը միջազգային իրավունքով կարգավորվող, պայմանական անունը դնեմ՝ վարձակալությունն է, որը ոչ մի կապ չունի ներպետական օրենսդրության գործընթացների հետ, այսինքն՝ դրա նկատմամբ չի տարածվում Քաղաքացիական կամ Հողային օրենսգիրքը կամ որեւէ այլ փաստաթուղթ, եւ նշված տարածքը ռեժիմի իմաստով այլեւս չի համարվում պետական տարածք: ԱՄՆ-ն ունի նմանատիպ փորձառություն, օրինակ, Կուբայի հետ: ԱՄՆ-ն իր ռազմաբազան տեղավորել է Գուանտանամոյում, որի նկատմամբ Կուբայի իշխանությունները որեւէ լիազորություն եւ իրավասություն չունեն, եւ քանի որ պայմանագիրն անժամկետ է, ըստ էության, ԱՄՆ-ն համարում է, որ այդ տարածքի նկատմամբ ինքը պետք է իրականացնի իր իրավազորությունը՝ չհամարելով դա ԱՄՆ տարածք: Այսինքն՝ զուտ տեխնիկապես դա Կուբայի տարածք են, որը վարձակալված է ԱՄՆ-ի կողմից, եւ այդ տարածքի նկատմամբ գործում է ամերիկյան իրավազորությունը, ընդ որում՝ մարդու իրավունքների տեսակետից որոշ սահմանափակումներով: Սա արդեն պետական ինքնիշխանության սահմանափակումն է որոշակի տարածքում: Եթե միջազգային իրավական տերմինոլոգիայով ասենք, այս տարածքի իրավական ռեժիմն այլեւս չի հանդիսանում պետական տարածքը, այն այլեւս ունի խառը ռեժիմ»: Նմանատիպ ռեժիմներ, մասնագետի խոսքով, պատմության մեջ եղել են, օրինակ, որեւէ տարածքի նկատմամբ միջազգային կառավարման, մանդատի կամ գաղութային ռեժիմի շրջանակներում: Նման նախադեպ եղել է Ազգերի լիգայի ժամանակ, Գերմանիան է լեհերի հետ ունեցել միջանցքային ձեւակերպումներով ռեժիմ: Եթե ամերիկյան առաջարկում խոսքն այս ռեժիմի մասին է, ապա Սյունիքով անցնող ճանապարհն այլեւս չի հանդիսանալու ՀՀ տարածք: Փաշինյանն իր ասուլիսում ուղիղ հայտարարել էր, թե պատրաստ ենք պարզեցումների՝ խոսքը մաքսային հսկողության մասին է: Իսկ Ալիեւն առհասարակ անխոչընդոտ ճանապարհ է պահանջում եւ դեմ է անգամ միջազգային ընկերության ներգրավման սցենարին: Օրբելյանն ընդգծում է՝ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ անուն է դրվելու, այլ՝ ռեժիմի հարցն է, որովհետեւ «միջանցք» ձեւակերպումը խնդրահարույց է ենթադրվող ռեժիմի պատճառով, որն ազգային չպետք է լիներ: Ի դեպ, Փաշինյանը հենց «միջանցք» բառը փորձեց մանիպուլացնել՝ ֆիքսվելով ոչ թե ռեժիմի, այլ անվան վրա՝ բերելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի օրինակը, որը սովորական ունկնդրին, որը խորամուխ չէ խնդրի էության մեջ, մանիպուլյացիայի դաշտ է տանում: