Հունիսի 28-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հերթական գողության դեպք է տեղի ունեցել:
shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Աղասու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում բնակվող ամուսինները, գալով տուն, հայտնաբերել են տան ննջասենյակն ամբողջությամբ տակնուվրա եղած ու թալանված:
Հունիսի 28-ին ամուսինները իրենց 2 անչափահաս երեխաների հետ գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում մասնակցելու իրենց հարազատի երեխային բանակից դիմավորելու, իսկ մեկին էլ՝ բանակ ճանապարհելու արարողությանը, հետո տուն վերադառնալով նկատել են, որ իրենց տնից գողություն են արել:
Դեպքի վայր ժամանել է հերթապահ խումբը։ Տեղում պարզվել է, որ տան ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի ՀՀ դրամ, խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր, ապա իրենց սև գործն անելուց հետո ստահակը կամ ստահակները հեռացել են դեպքի վայրից:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: