ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը:
Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ:
Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք: Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից եւ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարեւոր օրվա առթիվ՝ վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն: