Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ։ՌԴ Կրթության նախարար Սերգեյ Կրավցովը զեկուցել է միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացման մասին։ Խորհրդակցության շրջանակում Պուտինը տեսակապով մասնակցել է Ռուսաստանի մի շարք շրջաններում նոր և վերակառուցված ուսումնական հաստատությունների բացման արարողություններին։
Մասնավորապես, Նիժնի Նովգորոդում հիմնանորոգումից հետո բացվել է Մասնագիտական կրթության դաշնային տեխնոպարկը, Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկի էլեկտրամեխանիկական քոլեջում ավարտվել են ուսումնական մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, իսկ Մուրմանսկի մարզում բացվել է ստորգետնյա ուսումնական համալիր, որտեղ ապագա լեռնային ինժեներները հնարավորություն կունենան ուսումնասիրելու հանքաքարի արդյունահանման բոլոր փուլերը։
ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը ներկայացրել է գանձապետական ենթակառուցվածքային վարկերի մրցույթի արդյունքները։ Այդ վարկերը նախատեսված են մարզերում արդյունաբերական տարածքներին և հանգստավայրերին անհրաժեշտ ինժեներական ցանցերի, ճանապարհների և հաղորդակցուղիների կառուցմանը աջակցելու համար։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը զեկուցել է հրշեջ-փրկարարական սպորտի աշխարհի առաջնությանը Ռուսաստանի մասնակցության մասին։
ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ներկայացրել է գրիպի դեմ ամենամյա պատվաստումների ընթացքը։
ՌԴ «Ժողովրդական ճակատ» շարժման գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Կուզնեցովն էլ ներկայացրել է 2025 թվականին նախագահի հետ ուղիղ եթերի ընթացքում քաղաքացիներից ստացված դիմումների մշակման միջանկյալ արդյունքները։ Այդ աշխատանքներում արհեստական բանականության կիրառման մասին զեկուցել է «Սբերբանկի» վարչության նախագահ Գերման Գրեֆը։