Foto

Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է նախ պարզեն սեփական ժողովրդի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության հարցում, ապա միայն համապատասխան քայլեր ձեռնարկեն։
«Լսեցինք Նիկոլ Փաշինյանի հերթական բառային աճպարարությունն ու ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հերթական դատողությունները։ Ոչ մի նոր բան։ Կրկին ժողովրդավարական ձևակերպումներ, Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու փորձ և որևէ կոնկրետություն չկա»,- նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվայի համար անհասկանալի է պաշտոնական Երևանի տրամաբանությունը։

«Նույնիսկ ամենասովորական կենցաղային տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հարցնել սեփական բնակչության կարծիքը, ապա նոր քայլեր ձեռնարկել, ոչ թե հակառակը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։