Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: ՄԻՊ գրասենյակից NEWS.am–ին հայտնում են, որ այցի շրջանակներում հուլիսի 3-ին Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։
Քննարկվել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր, իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:
Այս համատեքստում պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում համատեղ ծրագրերը։
Կողմերը փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել: