Վերջին ամիսները Նիկոլ Փաշինյանի համար մի քանի ուղղություններով
համաժամանակյա ճգնաժամերով է լի։
Տարիներ շարունակ գործող իշխանությունը փորձեց ազդել Հայ Առաքելական Եկեղեցու դիրքի
վրա՝ հրապարակային քննադատությամբ, վարչական ճնշումներով և քարոզչական արշավներով։
Սակայն հասարակական լայն դիմադրությունը, ինչպես նաև Սփյուռքում եղած ակտիվությունը,
ցույց տվեցին՝ եկեղեցին մնում է ոչ միայն հոգևոր, այլ նաև ազգային ինքնության գլխավոր
սյուներից մեկը։
Փաշինյանի թիմի՝ եկեղեցուն որպես «հնացած ինստիտուտ» ներկայացնելու փորձը, հանրության տարբեր շերտերում ընկալվեց ոչ թե որպես «արդիականացում», այլ՝ ազգային հիմքերի խարխլում։ Այդ ընկալումը հատկապես սրվեց Արցախի կորստից հետո, երբ հոգևոր արժեքների նկատմամբ վստահությունը դարձավ ավելի կենսական։ Հստակ էր նաև հայ հավատավորների արձագանքը Փաշինյանի վերջին հակաեկեղեցական, փողոցային բառապաշարով լեցուն գրառումներին։ Ակներև էր օդանավակայանում կաթողիկոսի դիմավորումը, երեկ Մայր Աթոռ ուղևորված քաղաքացիների բազմությամբ, ինչպես նաև սոցցանցերի արձագանքները։ Այս անգամ նույնիսկ փողոցային լեքսիկոնը չկարողացավ «շարքային Պողոսին» նորից շեղել, հին թեզերը չաշխատեցին այնպես, ինչպես դատարանների դեմ կամ նմանտիպ արշավներում։ Ավելին՝ այստեղ հակառակ էֆեկտն ակնհայտ է՝ քաղաքականապես չկողմնորոշված հատվածը, որ չէր կարողանում ընտրություն կատարել՝ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն, ընտրեց երրորդ տարբերակը՝ եկեղեցին։ Դրանով, իհարկե, ամրացավ եկեղեցու դերը և հիմա հասարակության այդ շերտը Ամենայն Հայոց հայրապետի հորդորին է սպասում։ Դեռ այս հակամարտության մեջ եկեղեցին ամբողջությամբ ներքաշված չէ, բայց իշխանությունն արդեն իսկ պարտության նշաններ է ցույց տալիս։ Թերևս ամենակարևորներից մեկն էլ այն է, որ Պոլսո Հայոց պատրիարքը Ստանբուլում նույնիսկ չդիմավորեց Փաշինյանին։ Նա հայ եկեղեցու կողմից նույնքան անտեսված է, որքան՝ թշնամի պետության։
Հաջորդ հանգրվանը եղավ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Չնայած
Սփյուռքում նրա ունեցած տնտեսական և բարեգործական հեղինակությանը՝ իշխանությունը որոշեց
անցնել կոշտ քայլի՝ կալանավորելով գործարարին երկու ամսով, ակնհայտ քաղաքական պատճառներով՝
իշխանության զավթման կոչով պայմանավորված։ Այս քայլն ընկալվեց նաև որպես սիմվոլիկ հարված
սփյուռքահայ ազդեցիկ համայնքներին, որոնք ունեն ազգային դիրքորոշում։
Այս հարցում Փաշինյանի հետ համամիտ չէր նույնիսկ իր պաշտոնավարման ժամանակ ամենաերկարը՝
5 տարի, ԱԱԾ տնօրեն աշխատած Արմեն Աբազյանը։
Փաշինյանի այս փուլում ձեռնարկած նախաձեռնությունները, որոնք թիրախավորում էին
եկեղեցու հեղինակությունը, Սփյուռքի տնտեսական կենտրոնները, փաստացի ձախողվեցին կամ
բախվեցին բացահայտ դիմադրության։
Այս իրադարձությունների շարքում առանձնանում է սփյուռքի դերակատարությունը՝ որպես
ոչ միայն բարոյական, այլ իրատեսական քաղաքական ճնշման գործոն։
Սփյուռքը՝ իր լրատվական դաշտով, ֆինանսական ուժով և միջազգային կապերով, այսօր, առաջին
անգամ վերջին տարիներին, հանդես է գալիս պետական քաղաքականությանը հակակշռող դիրքից,
եկեղեցու, ազգային ինստիտուտների և սահմանի անվտանգության շահերի պաշտպանությամբ։ Եվ սա իշխանության համար ավելի լուրջ մարտահրավեր է, քան փողոցային բողոքները,
քանի որ խոսքը միջազգային հարթակներում հանրային դիրքորոշումների ձևավորման մասին է։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ պարտությունը կարելի է համարել հենց Թուրքիա այցը. նախ նրան դիմավորեցին երկրորդական, երրորդական պաշտոնյաներ, Էրդողանը նրան ընդունեց ոչ թե մայրաքաղաք Անկարայում, այլ՝ Ստոմբուլում՝ երկրորդական քաղաքում, Փաշինյանի պատվին ճաշ կամ ընթրիք չկազմակերպվեց։ Ավելին՝ այցը համընկավ «Արևմտյան Ադրբեջանի» թեզի ուժգնացման և հայության տարածքային ինքնությանը նոր պահանջներ առաջ քաշելու հետ։ Այցը միանշանակ ընկալվեց որպես պաշտոնական լեգիտիմացում մի պետության քաղաքականության, որը բացահայտ աջակցում է և գեներացնում է Հայաստանի դեմ քաղաքական օրակարգերը։
Փաշինյանի այս երեք ուղղություններով նախաձեռնությունները՝ Եկեղեցու դեմ մղված
քարոզչությունը, Սամվել Կարապետյանի կալանավորուըմ, որը գուցե այդքան հնչեղ չլիներ, եթե
եկեղեցու դեմ արշավի շրջանակներում չկազմակերպվեր, ինչպես նաև միակողմանի ժեստը Թուրքիա
կատարած այցով, բախվեցին հասարակական դիմադրության՝ ցույց տալով, որ քաղաքական շահարկումների
համար գոյություն ունեն ազգային կարմիր գծեր, որոնք չեն կարող չգործել՝ անկախ իշխանության
կամքից։
Այստեղ մի հստակ հարց մնում է անպատասխան. կարո՞ղ է արդյոք Հայաստանի իշխանությունը
կառավարել մի հասարակություն, որի հոգևոր, նյութական և սփյուռքյան հիմքերը փաստացի
գործում են ընդդեմ այդ իշխանության ռազմավարության։
Այս իրադարձությունները ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն՝ իշխանությունը չի կարող երկարաժամկետ քաղաքականություն վարել՝ հակասելով ազգային ինքնության
հիմնական սյուներին՝ եկեղեցուն, Սփյուռքին և պատմական հիշողությանը։