Հունաստանի իշխանությունները լրտեսության համար ձերբակալել են ադրբեջանցու, որը բռնվել է Կրետե կղզու հյուսիսարևմտյան ափին գտնվող Սուդայի ռազմածովային բազան լուսանկարելիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հունական Kathimerini օրաթերթը։
26-ամյա տղամարդը հունիսի 22-ին ձերբակալվել է Ազգային հետախուզական ծառայության (EYP) և Հունաստանի ոստիկանության համատեղ գործողության արդյունքում։ Տեղեկություններ են հաղորդվում, որ կասկածյալը ծնվել է Ադրբեջանում, բայց ունի լեհական անձնագիր։
Տղամարդը հունիսի 18-ին հյուրանոցում սենյակ էր վարձակալել՝ խնդրելով տեսարան դեպի Սուդայի ծոցը։ Նա մեկ ամսվա մնալու համար նախապես վճարել էր, սակայն, ըստ տեղեկությունների, գրեթե դուրս չէր եկել սենյակից։ Նրա մոտ հայտնաբերված տեսախցիկից և նոթբուքից հավաքված թվային ապացույցները պարունակում էին ռազմածովային բազա մտնող և դուրս եկող նավերի մոտ 5000 ֆայլ։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ կասկածյալը չի համագործակցում Հունաստանի իշխանությունների հետ։
Իշխանությունները հետաքննում են նրա հնարավոր կապը մեկ այլ ադրբեջանցու հետ, որը մի քանի օր առաջ բրիտանական ռազմաբազաների առնչությամբ լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Կիպրոսում՝ Լիմասոլում։
Ձերբակալությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հունիսի 21-ի երեկոյան հայտարարել էր, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել Կիպրոսում Իսրայելի քաղաքացիների դեմ։ Նշվում է, որ հարձակումը կանխվել է Կիպրոսի անվտանգության մարմինների կողմից՝ Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ համագործակցությամբ։