Իսլամական համագործակցության
կազմակերպության (OIC) անդամ 57 երկրի արտգործնախարարները, Ստամբուլում տեղի ունեցած
վերջին նիստի ժամանակ, հանդես են եկել հռչակագրով, որում խորը մտահոգություն են հայտնում
Հայաստանից «բռնի տեղահանված ադրբեջանցիների» ճակատագրի վերաբերյալ։ Հռչակագրում հաստատվում
է այդ խմբի՝ անվերապահ վերադարձի իրավունքը և դատապարտվում է Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի
համայնքի հետ երկխոսությունից հրաժարումը։
Այս հայտարարությունը մի նոր փուլ է ազդարարում՝ հակամարտությունից
հետո ձևավորվող տարածաշրջանային և դիվանագիտական ճնշումների համատեքստում։ Իսլամական
աշխարհի խոշոր կազմակերպության նման դիրքորոշումը, որը ներառում է աշխարհագրական լայն ընդգրկում ունեցող պետություններ՝ Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա և Հարավարևելյան
Ասիա, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար՝ ինչպես միջազգային հարթակում,
այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցերում։
Այս հռչակագրով, ըստ էության, իսլամական պետությունները դե ֆակտո ճանաչում են Ադրբեջանի կողմից առաջ մղվող՝ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, ինչը կարող է Հայաստանի դեմ քարոզչական և իրավական լծակ դառնալ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս արձագանք չի տվել
այս հռչակագրին։ Ավելին՝ ֆեյսբուքյան իր
էջում ամեն ինչի մասին գրառումներ անող վարչապետը ևս չի անդրաարձել հույժ կարևոր այս
խնդրին և մերժողական որևէ դիրքորոշում չի հայտնել։ Չի պատասխանել նաև այն մեղադրանքներին, որ հայկական կողմն է հետաձգում
խաղաղության մասին ինչ-որ փաստաթղթի ստորագրումը։ Սա, ըստ էության, նոր պահանջ է կամ
էլ գուցե հերթական պայմաններից մեկը, որ Խարհրդարանական ընտրություններին ընդարաջ պետք
է կատարի Փաշինյանը։
Իսլամական համագործակցության
կազմակերպության հռչակագիրը փաստում է, որ Արցախի պատերազմից հետո ձևավորված աշխարհաքաղաքական
նոր թնջուկը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Բաքուն ակնհայտորեն օգտագործում է միջազգային
կառույցները՝ իր դիրքորոշումները օրինականացնելու նպատակով։ Իսկ ՀՀ-ն լուռ հետևում է
այս գործընթացին։ Սա շատ ակնառու և վտանգավոր խնդիր է, որն ամեն գնով իշխանությունը
փորձում է դուրս թողնել հանրային օրակարգից։
Ընդդիմությունն այստեղ
պետք է համախմբվի մեկ կարմիր գծի առաջ՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզը պետք է ճանաչել որպես
էթնիկ զտման, պատմական ժխտման և հողի պահանջի դրսևորում, ոչ թե «մարդու իրավունքների
խնդիր»։ Շատ հաճախ հենց այդպես է արվում հիմա՝ նույնիսկ ընդդիմադիր դաշտում ասում են՝
բա ո՞նց են ադրբեջանցիների հետ ապրելու, նրանց համար ստրուկ են լինելու և այլն, սակայն
խնդիրը շատ ավելի խորքային է։
Չի խոսվում նույնիսկ
այն փաստաթղթային հիմքի մասին, որ պատմականորեն
Ադրբեջանը երբեք ինքնիշխանություն չի ունեցել ՀՀ ներկայիս տարածքի վրա։
Գործող իշխանությունը
չպետք է «լուռ համաձայնությամբ» ընդունի որևէ զրույց «վերադարձի իրավունքի» մասին։
Քաղաքացիները կարող են՝ պահանջել կառավարության հստակ պատասխանը OIC հայտարարություններին,
նախաձեռնություններ սկսել հրապարակային քննարկումների ու օրինագծերի շուրջ։ Ի վերջո,
քաղաքականությունը գալիս է հասարակությունից։
Եթե հասարակությունը ամուր է՝ պետությունը կարող է դիմակայել և՛ ներքին, և՛ արտաքին
թշնամիներին։ Ցավոք, խնդիրը բարդ է նաև նրանով, որ հասարակությունն ու իրական ընդդիմությունը
պետք է կռիվ տան երկու ճակատով։
Այս թեզի դեմ պայքարելը
պետք է համարվի ազգային անվտանգության հարց և լուծվի համընդհանուր ջանքերի շնորհիվ՝
անկախ ամեն ինչից ու դրա համար վճարվելիք գնից։