Foto

Թրամփը ծովային հետևակ է ուղարկել Լոս Անջելես, Կալիֆորնիան պատասխանում է դատական հայցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Լոս Անջելես է տեղակայել շուրջ 700 ծովային հետևակային՝ անօրինական ներգաղթյալների դեմ ուժեղացված գործողությունների ֆոնին։ Նրանց առաքելությունը՝ պաշտպանել դաշնային կառույցներն ու աջակցել ներգաղթի դեմ ռեյդերին, առաջացրել է խորը դժգոհություն Կալիֆորնիայի ղեկավարության և ընդդիմադիր դեմոկրատների շրջանում։

Կալիֆորնիան դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ փորձում կանխել Ազգային գվարդիայի և ծովայինների տեղակայումը՝ պնդելով, որ այն խախտում է նահանգի ինքնիշխանությունն ու դաշնային օրենքները։ Սենատի զինված ուժերի կոմիտեի դեմոկրատական ղեկավար Ջեք Ռիդն այս քայլը անվանել է «աննախադեպ սպառնալիք» և ռազմական ուժի քաղաքական օգտագործում։

Լոս Անջելեսում և ևս 9 քաղաքում չորրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, կիրառելով հատուկ միջոցներ։ Միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ վերջին օրերին օրական 2,000-ից ավելի ձերբակալություն է կատարել՝ կրկնապատկելով անցյալ տարվա միջին ցուցանիշները, հայտնում է Reurters-ը։