Երբ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը սկսեցին «իմպիչմենտ» օպերացիան, իմ մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց իմպիչմենտ: Բնականաբար, զուգահեռ այլ հարցեր էլ էին առաջանում, օրինակ՝ բա մինչև հիմա ինչո՞ւ տիտղոսային (կամ խորհրդարանական, կամ պաշտոնական) ընդդիմությունը դա ինքնուրույն չէր նախաձեձռնում, եթե հնարավոր է այդպիսով հասնել իշխանափոխության:
Հետագա ընթացքն արդեն պատասխաններ էր բերում՝ 26 թվականի (կամ էլ արտահերթ) ընտրություններից
առաջ տղերքը դիրքավորվում են քաղաքական դաշտում, որ եթե հարցնեն, թե Նարեկ Մալյանն ո՞վ է, պատասխանեն՝ «դե էն իմպիչմենտի տղեն ...»: Մեկ այլ տեսանկյունից՝ դա, այսինքն «իմպիչմենտ» օպերացիան, ընդդիմության այս կամ այն ճյուղի թուլացման գործընթաց է, որը կարող էր թելադրված լինել վերը նշված հանգամանքով, տիտղոսային ըդդիմությունից դուրս շրջանակների պատվերով, ընդդիմադիր թևերից մեկի պատվերով՝ ընդդեմ մյուս թևի և այլ: Ավելի ուշ պատասխանների կամ, եթե կարելի է ասել՝ եզրակացությունների շրջանակն ավելի նեղացավ, երբ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, թե նախաձեռնողների հետ պատրաստ է քննարկել թեկնածուի հարցը, որովհետև իրենք սեփական թեկնածու չունեն: Իսկ ամենագլխավոր հարցը կրկին այն էր, որ եթե իմպիչմենտն այդքան իրատեսական է, ինչո՞ւ հենց Հանրապետականը դա չսկսեց, Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն ավելի խելացի ու հետատե՞ս էին մի ամբողջ կուսակցությունից ու նրա ղեկավար կազմից:
Հիմա, երբ «Պատիվ ունեմ» խմբակցությունը (Հանրապետական կուսակցությունը) իր սեփական թեկնածույով է մտնում խաղի մեջ, նոր հարցեր են առաջանում՝ Մալյանից ու Ղազարյանից նախաձեռնությունը խլում են, որովհետև վտանգ են տեսնո՞ւմ, թե՞ «մավրն արեց իր գործը՝ մավրը կարող է հեռանալ»:
Իսկ ամենհետաքրքիրն այն է, որ ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Հայաստանը», որը «օպերացիայի» հեղինակների հիմնական հակաքարոզչության թիրախն էր, չպաշտպանեց նախաձեռնությունն այնքան ժամանակ, քանի դեռ հայտարարված թեկնածուն տիտղոսային ընդդիմությունից չէր: Այսինքն, «մավրը» հեռացավ, ճարահատված բեմ ելավ իրական (հավանաբար) պատվիրատուն, և «օպերացիայի» հաջողության հիմնական շահառուն կամ ձախողման պատասխանատուն այս պահից հենց նա է լինելու՝ սեփական դեմքով: