Foto

Որտեղի՞ց են առաջանում «թուրքի կոշիկ լիզելու» և նման այլ հարցերը վարչեպետի հասցեին

«Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում իմ ունեցած «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությու՞ն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որեւէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխու՞մ եմ մեր ինքնությունը։ Եւ այլն, եւ այլն, եւ այլն։

Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին․․․»

Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել վարչապետ Փաշինյանը։ Գո՞ւցե այս հարցերն իրապես պատասխաններ ունեն և Փաշինյանը տալիս է այդ հարցերի պատասխանները։ Այս դեպքում, իհարկե, տարօրինակ է թե ինչո՞ւ չի հրապարակովում այդ ձայնագրությունները, որտեղ հնչում են այս հարցերի պատասխանները՝ հատկապես երբ վարչապետն ու թիմակիցները պնդում են, որ դահլիճ լցնելու և լսարանի խնդիր չունեն։

Մյուս խնդիրն այն է, որ երբ որևէ անձի մոտ հարցեր են առաջանում դրանք ծնվում են ինչ-որ իրավաիճակումներում, ինչ-որ վերլուծությունների հիման վրա։ Իսկ եթե նույն հարցն իրարից անկախ մի շարք անձանց մոտ է հնչում, ապա վկայում է օբյեկտիվության մասին։

Եթե վարչապետն ըդունում է, որ իրեն մի շարք քաղաքացիները հարց ունեն թե ինչո՞ւ է ինքը լիզում թուրքի կոշիկները կամ վաճառել է արդյո՞ք Ղարաբաղը, դավաճա՞ն է թե՞ ոչ, ապա օբյեկտիվորեն պետք է ընդունի, որ իր ինչ-ինչ արարքները նման հարցեր են առաջացրել հասարակության շրջանում։ 2017թ-ին, երբ Փաշինյանը պատգամավոր էր, նրան նման հարցեր չէին տալիս, այս հարցերը չկար 2018թ-ի իշխանափոխության ժամանակ, չկար մինչ 2020թ-ը, չկար նույնիսկ  պատերազմից անմիջապես հետո, այլ առաջացավ հետագա բանակցային գործընթացի հայտնի դրվագներից և գործողություններից հետո։

Օրինակ՝ ինչո՞ւ նոյեմբերի 9-ը փաստաթուղթ ստորագրել, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, ինչո՞ւ զիջել Շուշին։ Ինչո՞ւ 2021թ-ին հայտարարել՝ անջատում հանուն փրկության և հետո, անտեսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Պրահայում առանց Ադրբեջանի կողմից գոնե մեկ դրական քայլի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Չէ որ պատերազմից հետո Արցախում 100 տուն կառուցելու նախագիծ էր մշակվել և այլն։ Ինչո՞ւ 2023թ-ին ոչնչով չաջակցել արցախցիներին, որպեսզի բռնի չտեղահանվեն իրենց բնակավայրերից, հայրենի տներից։ Ինչո՞ւ համաձայնել Ալիևի ցանկացած նախապայմանի միայն թե խաղաղության մասին ինչ-որ թուղթ ձեռք բերվի, որը նշում եք, որ հնարավոր է Ադրբեջանն էլի խախտի։ Ինչո՞ւ առանց կանոնագրքի հաստատման տարածք զիջել ՀՀ-ից՝ անհասկանալի սահմանազատման տակ, ինչո՞ւ Ադրբեջանից չպահանջել ազատել ՀՀ-ի օկուպացված տարածքները և այլն։ Հենց այս ինչո՞ւների  շուրջ խորհելիս է, որ մեկ ընդհանուր ինչո՞ւ է առաջանում՝ արդյո՞ք երկրի ղեկավարը, որն իրեն համարում է երբևէ ՀՀ-ում գործող ամենալեգիտիմ իշխանություն, լիզում է թուրքի կշիկները։ Ցեղասպանության փաստը ԱԳՆ առաջնահերթություն չհամարող երկիր ղեկավարին դավաճան համարելն օբյեկտի՞վ չէ։

Այդպես է նույնիսկ փոքրիկ երեխաների մոտ։ Նրանք պիտի ծաղիկը տեսնեն, հոտ քաշեն, ապա նոր հարց առաջանա թե որտեղի՞ց և ինչպե՞ս են դրանք աճում։ Երբևէ ծաղիկ չտեսած երեխան չի կարող սերմերի մասին հարցեր տալ։ Հարցերը միշտ էլ առաջանում են իրավիճակից, տեսածից, լսածից, եղած փաստերի համադրությունից։

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան