Foto

Տաք սնունդ և մարդկային ջերմություն. ինչպես է բարեգործությունը փոխում կարիքավորների կյանքը

100-ից ավելի շահառու ունեցող՝ Արշավիր և Պայծառ Աբրահամյանների բարեգործական  ճաշարանը միակն է Արաբկիրում։ Արդեն ավելի քան 3 տասնամյակ այն գործում է նույն՝ Կոմիտաս 49 հասցեում՝  Ռուսաստանի հայերի միության նախագահ, բարերար Արա Աբրահամյանի միջոցներով։



New Picture.jpg (25 KB) 

«1988թ. Սպիտակի  երկրաշարժից հետո հայրս՝ Բագրատ Ասատրյանը, որոշեց, որ կարող է օգնել մարդկանց, տեղահանվածներին, նաև դրանից հետո պատերազմից տուժածներին, իսկ 93 թվականից Արա Աբրահամյանի միջնորդությամբ և հովանավորությամբ մինչեւ այսօր գործում է բարեգործական ճաշարան։  Ունենք մոտ 120 շահառու, որոնք սնվում են տեղում, կամ վերցնում են սնունդը իրենց հետ, նաև կա 20 ընտանիք, որոնք տեղաշարժվելու կարողություն, կամ տարբերակ չունեն, ամիսը մեկ անգամ չոր սննդի տեսքով իրենց բնակարաններն ենք սնունդը տանում»,– ասում է բարեգործական հիմնադրամ–ճաշարանի աշխատանքները համակարգող Տարոն Ասատրյանը։

New Picture (4).jpg (36 KB)

Ճաշացանկում ամեն ինչ հաշվարկած է այնպես, որ ճաշարանի շահառուները՝ միայնակ ծերեր, կարիքավորներ և հաշմանդամություն ունեցողներ, ստանան սպիտակուցի, ճարպի, ածխաջրերի օրվա անհրաժեշտ չափաբաժինը։

Շահառուներն ասում են՝ չեն պատկերացնում՝ ինչպես կգոյատևեին, եթե չլիներ ճաշարանի տրամադրած սնունդը:

New Picture (5).jpg (33 KB)

«Թոշակը հազիվ կոմունալներին է բավարարում»,– ասում է Սուսաննա Կարապետյանը, որի՝ տեսողության խնդիրներ ունեցող ամբողջ ընտանիքն օգտվում է այս ճաշարանից։

New Picture (2).jpg (25 KB) 

«Էս մի հատ փրկություն ա, մարդ որ չգա մի օր, սոված կմնա։ Լավ կլինի, որ Արա Աբրահամյանի նման բարերարներ ավելի շատ լինեն եւ օգնեն կարիքավորներին»,– ասում է բարեգործական ճաշարանի խոհարար Սաթիկ Սահակյանը։

Երկուշաբթից ուրբաթ իրենց յուրաքանչյուր օրն այստեղ են սկսում բարեգործական ճաշարանի շահառուները։ Նրանք այստեղ ոչ միայն տաք սնունդ, այլև մարդկային ջերմություն են գտնում։ Զրուցում են առօրյա խնդիրներից, հիշում երիտասարդ տարիները։ Շահառուներին բոլորին այստեղ լավ ճանաչում են, անհանգստանում, երբ նրանցից մեկը բացակայում է։

New Picture (3).jpg (42 KB) 

Տարբեր հանգամանքների բերումով ծերության հետ միայնակ մնացած այս մարդկանց առօրյան փոքրիկ ուրախություններով են փորձում լցնել բարեգործական նախաձեռնությանն աջակցողները։ Տարբեր տարիքի երաժիշտներից կազմված ժողովրդական գործիքների սիրողական խումբը պարբերաբար իր փորձերը Աբրահամյանների բարեգործական ճաշարանում է անում, տարբեր առիթներով ուրախացնում շահառուներին։

Բարեգործական ճաշարանների պատմությունը, որպես այդպիսին, Եվրոպայում եւ ԱՄՆ–ում սկսվել է 19-րդ դարից՝ արդյունաբերական հեղաշրջման ժամանակ։  Ժամանակի ընթացքում այս ճանապարհով բարեգործություն անելը դարձել է արևմտյան բիզնես մշակույթի անբաժանելի մասը, ինչն իր հերթին բարեգործության ավանդույթներ է սերմանում նաև հասարակության շրջանում։ Արեւմուտքում ընդունված պրակտիկա է՝ երիտասարդները, որպես կամավոր, աշխատում են նման ճաշարաններում։ Հայաստանում, ցավոք, գործարարների կողմից հիմնված բարեգործական ճաշարաններ հազվադեպ կարելի է հանդիպել։ Մեր երկրում ընդհանրապես, բարեգործական ճաշարանները սակավաթիվ են, եղածն էլ կա՛մ համայնքապետարանների ենթակայության տակ են, կա՛մ ստեղծվել են եկեղեցու կամ տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ։ 

Երևանում և հանրապետության տարածքում գործող բարեգործական ճաշարանների ստույգ թիվը հայտնի չէ։ Նման վիճակագրություն չեն վարում ոչ քաղաքապետարանը, ոչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Հայաստանում միջին կենսաթոշակը 49 հազար դրամ է, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը՝ մեկ շնչի համար 75 հազար 811 դրամ: Տնտեսագիտական խորը գիտելիքներ պետք չեն, հասկանալու համար, թե ինչ կարող է լինել այն մարդկանց սննդակարգում, ովքեր ապրում են թոշակով և չունեն բարեգործական ճաշարանից օգտվելու հնարավորություն։

Նման մարդկանց ավելի արժանապատիվ ծերությունն ապահովելու համար մեծ ներդրումներ հարկավոր չեն։ Այն, ինչ չի կարողանում անել պետությունը, իրենց վրա մասամբ կարող են վերցնել խոշոր գործարարները և, հետեւելով Արա Աբրահամյանի  օրինակին՝ ի վերջո կայացնել բարեգործության այս մշակույթը մեր երկրում։