Foto

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով ամենաբարձր միավորներով դարձավ ոսկե մեդալակիր:

Առաջին ցատկում Դավթյանը վաստակեց 14.766 միավոր, երկրորդ ցատկը մրցավարները գնահատեցին 14.833 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակեց 14.799 միավոր եւ երրորդ անգամ նվաճեց տիտղոսը:

Օլիմպիական փոխչեմպիոնը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր 14.516 միավորով:

Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (14.733), բրոնզե մեդալակիր Ուկրաինան ներկայացնող Նազար Չեպուրնին (14.583):

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց երկու ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:

Մայիսի 30-ին նժույգ թափեր վարժության եզրափակիչում 17-ամյա Համլետ Մանուկյանը 14.766 միավորով նվաճեց իր առաջին ոսկե մեդալը մեդածահասակների Եվրոպայի առաջնությունում: Մամիկոն Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ 14.733 միավորով:

Օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Ավետիսյանը, որը եզրափակիչում վաստակեց 14.366 միավոր: