Foto

Հաջորդ տարի նոր չափորոշչով քննությունների համակարգը կգործի բոլոր դպրոցների համար. Սվաջյան

«Այս տարի ևս Տավուշի մարզում նոր չափորոշչով սովորող ավարտողների համար բոլոր կրթական մակարդակներում նոր ձևաչափերով են իրականացվում քննությունները: Նրանց քննաշրջանը մի փոքր տարբերվում է մյուս մարզերի և Երևանի շրջանավարտների քննաշրջաններից»,- ասուլիսում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով 24-2025 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցերին։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,  Տավուշի մարզի 12-րդ դասարանցիներին ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հնարավորություն է տրվել մասնակցել ինչպես հին, այնպես էլ նոր չափորոշչով քննություններին:

«Նրանք փաստացի երեք անգամ քննության մասնակցելու հնարավորություն կունենան՝ ի տարբերություն մյուս շրջանավարտների: Հաջորդ տարի նոր չափորոշչով ավարտող շրջանավարտներ ունենալու ենք ամբողջ հանրապետությունում՝ թե՛ 4-րդ, թե՛ 9-րդ դասարանցիներ, և նոր համակարգը կգործի հանրապետության բոլոր դպրոցների համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այս տարի շրջանավարտների թիվը շուրջ 30.000 է: