Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում Կիևի հետ բանակցությունները համարում է 2022թ. ընդհատված խաղաղության գործընթացի շարունակություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը Ստամբուլում ռուսական պատվիրակության ղեկավարն է:
«Մոսկվայի խնդիրն է հասնել երկարատև խաղաղության՝ վերացնելով հակամարտության արմատական պատճառները»,- հավելել է նա՝ նշելով որ իր գլխավորած պատվիրակությունը հաստատվել է ՌԴ նախագահի կողմից և ունի բանակցություններ վարելու բոլոր լիազորությունները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության կազմը։ Բացի Վլադիմիր Մեդինսկուց, ով գլխավորում է բանակցային խումբը, դրա կազմում են փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ինչպես նաև մի քանի փորձագետներ։