Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում:
Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:
Կողմերը քննարկել են նաեւ թվայնացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Մաուլեն Աշիմբաեւը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը եւ նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարեւոր իրադարձությանը: