Foto

Մանեկեն էլ են գցել գետը, այլ միջոցներ են կիրառվել․ նոր մանրամասներ փոքրիկ Տիգրանի որոնումներից

Լրագրողի համար ամենացավալի տողերից մեկն ենք գրում՝ 2-ամյա Տիգրանին դեռ չեն գտել, փոքրիկի հետքը չկա ո՛չ գետում, ո՛չ հարակից տարածքներում։ ՆԳՆ–ից հայտնում են՝ երեխային դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։  ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ»,– MediaHub–ին ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։