Զանգվածային լրատվության միջոցներին, բացի հերքման և պատասխանի իրավունքի պահանջ ներկայացնելուց, Արդարադատության նախարարության առաջարկով կարող է ներկայացվել նաև տեղեկատվության հեռացման պահանջ։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Այս մասին տեղեկացնում է Հետք էլեկտրոնային պարբերականը:
Արդարադատության նախարարությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում։
Նախարարության առաջարկով լրատվամիջոցին տեղեկատվության հեռացման պահանջ կարող է ներկայացվել առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութի մասով։ Հերքման կամ հեռացման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է պահանջը:
Հերքման և հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: