Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ Քաղաքապետարանում ամեն բան անում են, որ Էմին Թորոսյանը թողնի ՊՀԹ-ի տնօրենի պաշտոնը:
«Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ստիպված հեռանա:
Աուդիտ արեցին, 3 ամիս աշխատավարձերը չտալուց հետո, երբ մենք բողոքեցինք, փոխանցեցին, հիմա էլ գրություն են ուղարկել, որ մենք հրավիրատոմսեր տալու իրավունք չունենք:
Ասում են՝ մեզ պետք է հարցնեք, նոր հրավիրատոմս տաք»,- նշեց Դավիթ Հարությունյանն ու հավելեց, որ Էմիլ Թորոսյանից ուզում են ազատվել, քանի որ իրենց կադրը ունեն:
«Այս պահին թատրոնի ամբողջ կազմով հավաքվել ենք, որպեսզի պաշտպանենք Էմինին: Մենք բոլորս նրա կողքին ենք, որովհետև նա հրաշալի տնօրեն է ու փայլուն է աշխատել, այս տարիների ընթացքում բարձր ցուցանիշներ ենք գրանցել:
Հավանաբար թատրոնն ուզում են վերանորոգման կանգնեցնել և այլ մարդու բերել: Ամեն ինչ կարելի է մտածել, բայց այն, որ սա հետապնդում է, դա միանշանակ պարզ է: Սա անձի հետապնդում է, ոչ մի կասկած չկա»,- ամփոփեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ահազանգում էին, որ արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստանում:
Երևանի քաղաքապետարանի դիմաց դերասանները պահանջում էին բացատրել, թե ինչու գրեթե 100 տարեկան թատրոնի դերասաններն, ովքեր օրը 2-3 սեանս ներկայացում են խաղում, աշխատավարձ չեն ստանում: