Հայաստանի Հանրապետությունն այսօր կառավարության նիստի ընթացքում հավանություն տվեց Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև ստորագրված համաձայնագրին՝ ուղղված միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծմանը։
Այս որոշումը նախատեսում է Հայաստանի մասնակցությունը նոր տրանսպորտային ցանցում, որը կկապի Կենտրոնական Ասիան Պարսից ծոցի և Օման ծովի նավահանգիստների հետ։ Համաձայն իշխանությունների՝ նախաձեռնությունը նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ և բեռնափոխադրումների ոլորտում՝ թույլ տալով անդամ պետություններին առավել արդյունավետ օգտագործել իրենց ռազմավարական դիրքը և տրանսպորտային ներուժը։
«Համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Աղբյուրը՝ hraparak.am