Foto

Նոր առևտրային միջանցքները կարող են հնարավորություն դառնալ Թուրքիայի համար

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը կարող է հանգեցնել մատակարարման շղթաների վերակազմավորման և նոր առևտրային միջանցքների ձևավորման, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լոնդոնում ներդրողների հետ հանդիպման ընթացքում Շիմշեքը նշել է, որ զարգացումները նաև արագացնելու են «կանաչ» և թվային անցումները՝ ձևավորելով նոր տնտեսական հեռանկարներ։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանում հարաբերական անվտանգությունը կարող են երկիրը դարձնել կարևոր հանգույց նոր ձևավորվող էներգետիկ և լոգիստիկ ուղիների համար։

Միաժամանակ, նախարարի խոսքով, Թուրքիան ներկայումս դիտարկվում է որպես «ուժեղ արտադրական բազա» և «դինամիկ ծառայությունների կենտրոն», ինչը կարող է մեծացնել նրա գրավչությունը միջազգային կապիտալի և մասնագիտական ռեսուրսների համար։

Նշվում է նաև, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Հորմուզի նեղուցի փակումը լուրջ ազդեցություն է ունեցել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա, և դրա հետևանքները կարող են պահպանվել երկարաժամկետ հեռանկարում։