Ամերիկյան ռազմական օդանավերը երեք ավիահարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայից հարավ գտնվող ալ-Սաուադ շրջանին և ևս երկուսը՝ Սաուան շրջանում գտնվող ալ-Արբային փողոցին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Օդային հարվածների հետևանքով նախնական տվյալներով 16 քաղաքացիական անձ է վիրավորվել, բացի այդ, մի շարք խանութներ են վնասվել։
Տեղեկություններ են հաղորդվում, որ ամերիկյան ռազմական օդանավերն ութ հարված են հասցրել նաև Եմենի ալ-Հազմ շրջանին։
Մայիսի 4-ի երեկոյան ԱՄՆ-ն մի շարք ավիահարվածներ է հասցրել մայրաքաղաք Սանային, Սաադային, ինչի հետևանքով քաղաքացիական անձինք զոհվել են, որոնց թիվը չի նշվում։
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարվածներ հասցնել Եմենին՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։
2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր և Արաբական ծովերում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: