«Բռնի տեղահանված արցախցիների բնակարանով ապահովման» ծրագիրը, ըստ արցախցի զոհված զինծառայողի այրու, իրականում օգնում է ոչ թե էթնիկ զտման հետևանքով Հայաստանում հայտնված ընտանիքներին, այլ բանկերին։ Նա սեփական փորձով է համոզվել, որ այդ գործընթացն անտանելի բարդ է ու առավելապես բյուրոկրատական խոչընդոտներով լի:
Անահիտ Հարությունյանը, ում ամուսինը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման ընթացքում, այն հազվադեպ արցախցիներից է, որը ձեռք է բերել ՀՀ նոր անձնագիր՝ բնակարանային ծրագրից օգտվելու համար։ Ունի կառավարության տրամադրած սերտիֆիկատ՝ 15 միլիոն դրամի չափով։ Սակայն, նրա խոսքով, այդ գումարը բավարար չէ անգամ բնակարան գնելու համար երկրորդային շուկայում՝ երեխաների նոր հարմարված շրջապատից հեռու չտեղափոխվելու համար։
«Բոլոր բանկերում, որոնց դիմել եմ, առաջարկվող պայմանները ծանր են։ «Հայէկոնոմբանկը» և ևս մեկ բանկ հրաժարվել են հավելյալ վարկ տրամադրել՝ բացի սերտիֆիկատից։ «Էվոկա» բանկում նշեցին, որ եկամուտս բավարար չէ, առավելագույնը՝ 7 մլն դրամ կտրամադրեն 10 տարով։ Միայն «Ֆաստբանկը» համաձայնեց մինչև 20 մլն դրամ տրամադրել, բայց այստեղ էլ կանխավճարն է շատ բարձր։ Փաստացի, պետք է հավելյալ առնվազն 5 մլն դրամ, որպեսզի պայմանագիր կնքեմ և բնակարան գնեմ», – «Փաստինֆո»-ին ասել է նա։
Անահիտի խոսքով՝ իր՝ կերակրողին կորցրած լինելու հանգամանքը ծրագրում որևէ արտոնություն չի տալիս։ Ստացվում է, որ սոցիալական նպաստի գումարը, որը նախատեսված է երեխաների խնամքի և ապագայի համար, ստիպված է ներկայացնել որպես եկամուտ՝ հիպոթեք ստանալու համար։
«Ես կանգնած եմ մի ծանր ընտրության առջև. կա՛մ մտնեմ այդ վարկային բեռի տակ ու օր ու գիշեր աշխատեմ՝ զոհված ամուսնուս փոխարեն էլ, կա՛մ երեխաներիս պահեմ անտանիք վիճակում։ Զինվորի ընտանիքին մնում է միայն ռիսկի դիմել», – նշում է նա։
Նա նաև հավելում է, որ ԶԻՆԱՊՀ-ից ստացած փոխհատուցման գումարի կեսն արդեն փոխանցել է ամուսնու ծնողներին, և մնացած գումարով է փորձում լրացնել վարկի տարբերությունը։ Նրա խոսքով՝ անհնար է պատկերացնել, թե ինչ պիտի անեն այն ընտանիքները, ովքեր կորցրել են ոչ միայն իրենց տունը, հողը, այլև չունեն որևէ շարժական գույք՝ վաճառելու կամ որպես ապահովություն օգտագործելու համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Փաստինֆո»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ, բռնի տեղահանված 1073 ընտանիք ստացել ղ սերտիֆիկատ, սակայն դրանցից միայն 144-ն է ամբողջությամբ իրացվել, այսինքն՝ վերածվել բնակարանի։
Ծրագրի կարևոր պայմաններից է ՀՀ քաղաքացիություն ունենալը։ 28.03.2025թ-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 8437 անձ, որից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 7402 անձի։









