Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների, այս մասին պարզաբանում է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։
«Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։
Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։