«Ես եմ ընտրել իմ ճանապարհը, ես եմ ուզել, որ ինձ փողոցում ճանաչեն, ես եմ ուզել, որ լեփ- լեցուն դահլիճները ծափահարեն, մարդիկ ինձ տեսնեն, լուսանկարվեն, ստորագրություն վերցնեն»,- Առաջին ալիքի եթերում անկեղծացել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:
Խոսելով իր կյանքում գործած ամենակարևոր քայլի մասին՝ դերասանը նշել է, որ դա այն որոշումն էր, երբ փոքր էր և եկավ քաղաք ու ընտրեց դերասանի մասնագիտությունը:
«Այն մասնագիտությունը, որն ընտրեցի և արարում եմ առ այսօր, իրոք չսխալվեցի: Պատկերացնո՞ւմ եք, երբ երազում էի բեմի, թատրոնի ու կինոյի մասին, գայի քաղաք, բայց ոչինչ չստացվեր:
Իմ կյանքի ամենամեծ որոշումը հենց դա է եղել, որ գամ քաղաք ու մարդ դառնամ»,- նշել է Ռաֆայել Երանոսյանը:
Նա նաև անկեղծացել է, որ իր կարծիքով՝ վատ սովորություն չունի և իր մեջ ոչինչ չէր ցանկանա փոխել:
«Ես արդեն 40-անց մարդ եմ, ինձ թվում է, որ ես չեմ սխալվել, որովհետև իմ ընկերները շատացել են ու չեն պակասել, հանդիսատեսը ևս շատացել է և չի պակասել... Ինձ շրջապատող ու բարի կամեցող մարդիկ շատացել են, ոչ թե՝ պակասել:
Իսկ դա երևի փաստում է այն , որ ես էլ բարի ու կամեցող եմ: Միայն մեկ բան կփոխեի իմ մեջ, որ ժամանակ առ ժամանակ կարողանայի ասել՝ ոչ»,- ասել է դերասանը: