Ապրիլի 12-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության ծառայողները պարզում են վիրավորի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Հ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ։
Արարատի մարզի քրեական ոստիկանները պարզում են, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ Աշտարակի շուկայի մոտակայքում, միջանձնային հարցերի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Լևոն Հ.-ն, 24-ամյա Միքայել Պ.-ն, 19-ամյա Յուրիկ Թ.-ն, 21-ամյա Արման Պ.-ն և հիվանդանոց տեղափոխված Արամ Հ.-ն, որի ընթացքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, ով այս պահին գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը պայմանագրային զինծառայող է: