Foto

Փորձում են Արցախի հանձնման մեղքը Փաշինյանի վրայից մաքրել և այն բարդել արցախահայերի վրա․ Իշխան Սաղաթելյան

Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023֊ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
 
«Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները, այս անգամ` ՀՀ ԱԳՆ֊ն։
Նման հակահայ և հակապետական հայտարարության նպատակները պարզ են.
 
֊հրապարակային համաձայնել Արցախի հարցը փակված համարելու մասին Ադրբեջանի հերթական պահանջին,
 
֊Արցախի հանձնման և Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել և փորձել այն բարդել բոլոր հնարավոր սուբյեկտների, այդ թվում` մենակ մնացած արցախահայերի և նրանց օրինական ներկայացուցչի վրա։
 
Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին։
 
Հետևապես, Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն։
 
Պատմությունը սրբագրել չի ստացվի. Փաշինյանի գործողություններն ու հայտարարություններն են ստեղծված իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատվություն է, դրանից խուսափելը` անհնարին:
 
Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։
 
Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է»,– գրել է նա։