Foto

Քոչարյանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին մեղադրում է գերեվարվելու մեջ․ էլի հարմար մեղավոր գտան

Երեկ Բաքվի բանտում արված նկարներում երևում էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ենթարվել է ֆիզիկական խոշտանգման։ Մինչ այս՝ Վարդանյանը, նրա ընտանիքի անդամները, միջազգային փաստաբաններն ահազանգում էին հոգեբանական բազմաթիվ ճնշումների մասին։ Վարդանյանն ու Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, ինչպես նաև այլ հայ ռազմագերիներ շարունակում են Բաքվի բանտում կտտանքների ենթարկվել միայն հայ լինելու համար։ ՀՀ իշխանությունը, սակայն խոսում է տվյալ երկրի հետ խաղաղության մասին։ Ավելին՝ նույնիսկ բանակցություններ չի վարում թշնամի պետության հետ՝ նրանց վերադարձնելու համար։ Ռուբեն Վարդանյանի որդին կոչով դիմել է ՀՀ իշխանությանը, որ քայլեր ձեռնարկեն հորն օգնելու համար։ Հիշեցնենք նաև, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ իր դեմ տեղի ունեցող անարդարացի գործընթացի։ Մինչ այս պահը Վարդանյանը ցուցմունք չի տվել, հրաժարվել է որևէ բացատրություն տալուց, բայց ադրբեջանական քրեական վարույթում կեղծված բազմաթից նյութեր կան, որոնք նույնիսկ պատշաճ թարգմանությամբ չեն տալիս Վարդանյանին։

Այս ամբողջ գործընթացում ՀՀ իշխանությունը միայն դիտորդի դերում էր՝ բացարձակ ոչ մի հայտարարություն չէր անում։ Բայց այսօր լրագրողների հետ զրույցում խնդրին անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ Բաքվում Վարդանյանը խոշտանգման է ենթարկվում, Քոչարյանն ասում է․ «Մենակ Վարդանյանը չէ, եթե դատաավորության ընթացքի կադրերում նայենք ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դեմքերին, ապա կտեսնենք, որ լրիվ խոշտանգումներ են։ Դրանց դիմացն առնելու համար հարկավոր է միջազգային հանրության արձագանք։ Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բանտում։ Ռուբեն Վարդանյանը ժամանակին էնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ։ Պետք է չգերեվարվեին։ Նման պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է մեզ համար»։

Ստացվում է, որ ոչ միան իշխանությունը ոչինչ չի անում, այլև՝ որևէ մեղավորություն այս հարցում չունի։ Ստացվում է՝ գերեվարման և խոշտանգումների պատճառը Ռուբեն Վարդանյանն  է և իր հայտարարությունները, որ արվել են ժամանակին։ Անդրանիկ Քոչարյանը մեջբերում է անում ամերիկյան ֆիլմերից․ «Չեք տեսել ամերիկյան ֆիլմերը, որ ասում է՝ մի ասա բաներ, որ հետագայում կարող է օգտագործվել քո դեմ»։

Այդ ֆիլմերը ևս մեկ ընդհանրություն ունեն, այնտեղ հերոսները պատասխանատվություն են կրում իրենց արարքների համար և միշտ էլ վերջում բարին հաղթում է չարին։ Իսկ իրական կյանքում փաստացի տարբերություններ կան։ Դեռ պատժվում է միայն բարին։ Եթե Արցախը կորցնելու համար ռազմաքաղաքական ղեկավարները պիտի Բաքվում պատասխան տան, ապա Պրահայում Արցախն Արդրբեջանի մաս ճանաչողները և այդ տեսակետը լեգիտիմացնողները պետք է Բաքվում հերոսացվեն։ Ինչպես կարելի  է սեփական ժողովրդի անկախության համար պայքարող մարդուն ասել, որ դու ժամանակին մտածեիր, որ քո ասածները կարող է քո դեմ օգտագործվել։

Ժամանակին Բաքվի անմարդկային որակները ցույց տալու համար ընդգծվում էր այն, որ նա հետարքրքրված չէ իր զոհերի քանակով, իր գերիներով, որ ադրբեջանցի զինվորն իր համար արժեք չունի։ Հիմա փաստացի ԱԺ նախագահի համար գերիները գոյություն չունեն, Արցախը լավ չի կռվել, սխալ է պաշտպանվել, Պաշտպանության հանձնաժողովի նախագահի համար էլ խոշտանգման ենթարկվողներն են մեղավոր, իսկ վարչապետը զոհերի թիվը հաշվում է -+-ով։ Սա Բաքվի քարոզչական թեզը մեր երկրում կիրառելու լավագույն օրինակ է։ Իշխանության ներկայացուցիչները գոնե մինչ այս լռում էին, երևի դա շատ ավելի լավ էր, քան այն կարծիքը, որ հնչեցրեց Անդրանիկ Քոչարյանը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան