Foto

Լրացուցիչ բեռ՝ բիզնեսի համար

2026 թ․ հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Հիմա աշխատանքային պայմանագրեր կնքվում են թղթային տարբերակով, իսկ 2026թ-ից այն կլնի էլեկտրոնային, ինչպես նաև կլինեն պարտադիր դաշտեր, որոնք պետք է լրացվեն։

«Երբ գործատուն լրացնում է բոլոր պարտադիր դաշտերը, դրանից հետո նաև նա ստորագրում է էլեկտրոնային եղանակով, վերջինս ունի հնարավորություն՝ լիազորելու, որ իր անունից նաև այլ անձ ստորագրի, որովհետև նման հնարավորություն Աշխատանքային օրենսգրքով տրված է»:

Բացի այդ աշխատողները ևս պետք է  ունենան էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանան ստորագրել պայմանագրերը։

Առաջին հայացքից սովորական աշխատանքային գործընթաց է, բայց այս պարտադիր և ընդհանուր շուկայի վրա որևէ էական ազդեցություն չունեցող թղթաբանությունները խնդիր են առաջացնում բիզնեսի համար։ Նախ պետք է հաշվետվույթյուններ կազմել, հայտարարագրեր լրացնել, պարզեցված հարկից անցում կատարել շրջանառության հարկի, վճարել արդեն թանկացած տոկոսներով՝ 5%-ի փոխարեն 10% և 10%-ի փոխարեն 20% և այլն։ Ոչ շատ եկամուտ, բայց շատ աշխատակից ունեցող ընկերությունների համար այս մասով ոչ միայն հարկային բեռը կավելանա, այլև՝ հաշվապահական և իրավաբանական ծառայությունները։ Մինչ այս գործատուները թղթային պայմանգրի մեկ ստանդարտ օրինակ կարող էին պատվիրել և բոլոր աշխատակիցների հետ կնքել այն։ Հիմա յուրաքանչյուր աշխատակցի մասով օնլայն  լրացումների համար պետք է վճարել համապատասխան աշխատակցին։

Դրա կիրառությունը չի կարող ո՛չ ստվերային աշխատողների և ո՛չ էլ քիչ աշխատավարձով գրանցված աշխատողների համար ցուցիչ լինել։ Ընկերությունը չգրանցված աշխատակիցների համար հիմա էլ պայմանագիր չի կնքում, իսկ եթե նույնիսկ էլեկտրոնային է, ապա կարող է 500 000 դրամի փոխարեն 50 000 դրամ լրացնել և հարցը փակել։ Ստվերի դեմ պայքայրին չի օգնի, բայց օրինակ՝ այդքան աշխատակցի համար առանձին-առանձին էլեկտրոնային պայմանագիր, լրացուցիչ թղթաբանություն չլրացնելու համար, գործատուն կփորձի հնարավորինս քիչ աշխատակցի գրանցել՝ այդպես նաև ծառայությունների համար քիչ վճարներ կանի։

Ստացվում է՝ ի օգուտի համար ինչ-որ բան անելու փոխարեն, իրականում կավելացնեն ստվերը, բացի այդ էլ ցանկացած պետությունում, երբ բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ ես ստեղծում, ապա դրանք գնում են լուծարման, պարզապես լքում են շուկան, տեղափոխում են այլ երկիր և այլն։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան